Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Սկրիպալների գործով երկրորդ կասկածյալի անունը


«Ալեքսանդր Պետրովը» և «Ռուսլան Բոշիրովը» Սոլսբերիում
«Ալեքսանդր Պետրովը» և «Ռուսլան Բոշիրովը» Սոլսբերիում

Բաց աղբյուրների օգնությամբ հետաքննություններ իրականացնող Bellingcat կայքը հրապարակել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով այս տարվա մարտին Սոլսբերիում հայր և դուստր Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին թունավորելու գործով երկրորդ կասկածյալի իրական անունը:

Բրիտանիան Սկրիպալների թունավորման մեջ է կասկածում է «Ռուսլան Բոշիրովին» և «Ալեքսանդր Պետրովին»: Բրիտանական հետախուզական ծառայություններն ի սկզբանե կարծիք են հայտնել, որ «Բոշիրովն» ու «Պետրովը» կեղծանուններ են:

«Մենք բացահայտել ենք Ալեքսանդր Պետրովին` նա իրականում ռազմական բժիշկ Ալեքսանդր Եվգենևիչ Միշկինն է՝ ГРУ-ի գործակալ», - ասվում է Bellingcat կայքում։

Bellingcat-ը շաբաթներ առաջ էլ հայտնել է, որ վերլուծել է Ռուսաստանի պատկան պետական գրասենյակների կայքէջերում պարունակվող տեղեկատվությունը և հանգել եզրակացության, ըստ որի «Բոշիրովն» իրրականում Անատոլի Չեպիգան է:

Փորձագետները, մասնավորապես, ստուգել են այդ քաղաքացու անձնագրի տվյալները, համեմատել են լուսանկարները և ОСАГО ապահովագրական ընկերության կայքում գտել են նույնիսկ նրա վարորդական իրավունքի նկարը:

Ըստ Bellingcat-ի, Չեպիգան 18 տարեկանում ընդունվել է Հեռավորարևելյան համազորային հրամանատարական բարձրագույն ուսումնարան և ծառայության ընթացքում արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման:

Ենթադրվում է, որ կոչումը նա ստացել է Դոնբասի ռուս անջատականներին աջակցելու համար:

Անդրադառնալով այդ լուրին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ասել է, որ չունի տեղեկություն Չեպիգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Լոնդոնը պնդել է, որ ռուսաստանցի նախկին լրտես Սկրիպալին և նրա դստերը թունավորել են ռուսաստանցի գործակալները:

Արևմուտքում համոզված են, որ «Բոշիրովի» և «Պետրովի» անձնագրերով Բրիտանիա մուտք գործած և անմիջապես Սկրիպալների թունավորումից հետո Ռուսաստան վերադարձած գործակալները ГРУ-ի (ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության) սպաներ են:

Մոսկվան հերքում է Սկրիպալների թունավորման հետ առնչությունը: Նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովում ասել էր, թե իշխանությունները գտել են այդ մարդկանց, նրանք քաղաքացիական անձինք են և առաջիկայում կներկայանան հանրությանը:

Զույգը հաջորդ օրը հարցազրույց է տվել «Ռուսաստանն այսօր» հեռուստակայանի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին, նրանք ներկայացել են որպես «մանր ձեռներեցներ, ովքեր եվրոպական քաղաքներում հատուկ սնունդ և վիտամիններով հարստացված հյութեր են գնում ռուսական մարզասրահների համար»։

Վերլուծաբանները մանրամասն քննել են «ձեռներեցների» անորոշ պատասխանները, վրիպակները և ասել, թե էլ ավելի են համոզվել, որ «Բոշիրովն» ու «Պետրովը» գործակալներ են:

Մոսկվայում այդ վերլուծություններն անվանում են «շպիոնամոլություն» և պնդում են, որ «Բոշիրովն» ու «Պետրովը» շարքային անմեղ քաղաքացիներ են:

Արևմտյան անվտանգության կառույցների համոզմամբ, «Բոշիրովը», նույն ինքը Չեպիգան, ՌԴ ԶՈՒ գնդապետ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG