Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատմում է անցած շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստում ընդունված վիճահարույց օրինագծի քվեարկության մասին:
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխական որակեց և իր աջակիցներին կոչ արեց ի նշան բողոքի հավաքվել խորհրդարանի շենքի մոտ:
Հանրապետականների նախաձեռնած փոփոխություններին, համաձայն որոնց, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը կհամարվի ոչ թե չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին, կողմ քվեարկեցին նաև «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորները: Դրա հետ կապված՝ պաշտոնանկ արվեցին ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարները:
«Նախ, այդ նախագիծը՝ կանոնադրության մեջ փոփոխությունը, նպատակ ուներ հնարավորինս հետաձգել արտահերթ ընտրությունների հնարավորությունը, բայց արդյունքում այնպես ստացվեց, որ այդ ամենը պտտվեց այդ նախագծի հեղինակների դեմ», - հայտարարեց Լենա Նազարյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ՝ մանրամասնելով․ - «Այդ նախագծի քննարկումից և քվեարկությունից առաջ՝ նախորդ օրը, Ազգային ժողովի հանձնաժողովում շատ հապճեպ քննարկվել էր այդ հարցը, նույնիսկ չէր էլ քննարկվել՝ պատգամավորներից մեկը պարզապես հպանցիկ առաջարկ էր արել, որ կարելի է կանոնադրության մեջ նաև այսպիսի դրույթ ավելացնել, և այն լրամշակվել էր, ավելացվել էր նախագծի մեջ: Նույնիսկ կառավարության անդամը հայտնեց քննարկումների ժամանակ, որ չի կարողացել պատշաճ կերպով ծանոթանալ և կարծիք կազմել այդ լրամշակման հետ կապված: Դրանից հետո եղավ առավոտյան քննարկումը, այնուհետև պարզ դարձավ՝ ինչի մասին է խոսքը, վարչապետը, փոխվարչապետը հանդիպումներ ունեցան Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, կամ ներկայացուցիչների, Ազգային ժողովի նախագահի հետ և ասացին, որ քանի որ հիմա ընթացքում արդեն սկսվել են բանակցությունները ընտրությունների ժամկետի և դրան հասնելու մեխանիզմների վերաբերյալ, լավ կլինի, որ այս նախագիծը չքվեարկվի, չընդունվի: Բայց դրան հաջորդեց անմիջապես արտահերթ նիստը, երեկոյան 7:30 մեզ շատ հրատապ տեղեկացրեցին, նույնիսկ 7:30-ից հինգ րոպե առաջ եմ ես պաշտոնապես ծանուցվել, որ այդպիսի նիստ է լինելու, և քվեարկվեց նախագիծը»:
Հարցին՝ օրինակա՞ն էր արդյոք նախագծի ընդունման նման ընթացքը, «Ելք» խմբակցության ղեկավարը արձագանքեց․ - «Ոչ, բայց արեցին: Այո, չէր հեռարձակվում, առանձնապես քննարկում էլ տեղի չունեցավ, պարզապես մեխանիկորեն պատգամավորները բարձրացրեցին ձեռքերը՝ կողմ քվեարկելով, այնուհետև մի քանի պատգամավորներ, բորբոքված, մեր ուղղությամբ, բարկացած արտահայտություններ, կոչեր թույլ տվեցին իրենց, ոչ հարգալից»:
Հիշեցմանը, որ նախորդ օրը տեղի էր ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, և հարցին՝ կարծո՞ւմ է արդյոք, որ այդտեղ էր նախապատրաստվել այդ օրինագիծը, Լենա Նազարյանը արձագանքեց․ - «Ճիշտն ասած, չգիտեմ, ու չի էլ հետաքրքրում՝ ով է այս մախինացիայի քաղաքական պատվիրատուն, բայց հեղինակները ոչ միայն նա է [ԱԺ փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը], այլ նաև այն խմբակցությունների պատգամավորները, ովքեր կողմ քվեարկեցին»:
Հարցին էլ՝ ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ Հանրապետականին շատ հեշտությամբ հաջողվեց վերամիավորել հին դաշինքը, «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Միասին քվեարկեցին, բայց այդ ամենը պտտվեց նրանց դեմ, քանի որ այդ նախագծի քվեարկության արդյունքում և դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում վարչապետը հրապարակեց իր ծրագիրը, որը բանակցությունների առարկա էր, բայց քանի որ այդպես արեցին, վարչապետը հրապարակեց իր ծրագիրը և հստակեցրեց ժամկետը արտահերթ ընտրությունների՝ այն է, որ նա հրաժարական կտա, և երկու անգամ շարունակ ընտրություններ չեն լինելու»:
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․