Մատչելիության հղումներ

Նադիա Մուրադը և Դենիս Մուկվեգեն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ


2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը և Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեն:

Նրանք օգնում են սեռական բռնությունների ենթարկված կանաց ու պայքարում բռնությունների դեմ:

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների անուններն այսօր Օսլոյում հրապարակեց Նոբելյան մրցանակի նորվեգական հանձնաժողովի նախագահ Բերիթ Ռեյս Անդերսոնը։

Նա նշեց, որ հանձնաժողովը որոշեց Խաղաղության Նոբելյան մրցանակը Դենիս Մուկվեգեին ու Նադիա Մուրադին շնորհել պատերազմական հակամարտության ընթացքում սեռական բռնության դեմ պայքարի ջանքերի համար:

«Երկու մրցանակակիրները ծայրահեղ կարևոր ներդրում են ունեցել մարդկանց ուշադրությունը ռազմական նման հանցագործությունների վրա սևեռելու գործում: Դենիս Մուկվեգեն իր կյանքը նվիրել է այդ զոհերի պաշտպանությանը: Նադիա Մուրադը պատմել է իր և մյուսների նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին», - ասել է հանձնաժողովի նախագահը՝ շարունակելով. - «Նրանցից յուրաքանչյուրն օգնել է, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմվի պատերազմների ժամանակ գործադրվող սեռական բռնությունների վերաբերյալ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»։

Նշենք, որ Դենիս Մուկվեգեն 2017-ի «Ավրորա» մարդասիրական մրցանակի հավակնորդներից էր: Նա Կոնգոյում բժշկական, հոգեբանական ու իրավական օգնություն է ցուցաբերել սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50 հազար կանանց՝ պայքարելով նաև, որ պատասխանատվության ենթարկվեն բռնություններ իրականացնողները:

Եզդի իրավապաշտպան ու ակտիվիստ Նադիա Մուրադը ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան է: 2014-ին «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումներն Իրաքի Սինջար շրջանից նրան առևանգել էին, պահել գերության մեջ, սեռական բռնությունների ենթարկել: Նա կարողացել էր փախչել գերությունից ու հասնել Գերմանիա:

Ընդհանրապես սեռական բռնությունն այս տարվա ընթացքում ամենաշատ քննարկված թեմաներից էր: Մամուլը հեղեղված էր սեռական ոտնձգությունների մասին հրապարակումներով:

2018-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար 200-ից ավելի թեկնածուներ կային:

Նոբելյան մրցանակը սահմանվել է շվեդ արդյունաբերող, գյուտարար Ալֆրեդ Նոբելի կողմից 1901 թվականին: Սակայն ի տարբերություն մյուս բնագավառների մրցանակների, Խաղաղության մրցանակը շնորհվում է ոչ թե Շվեդիայում, այլ հարևան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Մրցանակակիրները նաև 9 միլիոն շվեդական կրոն պարգև են ստանում, դա մոտավորապես մեկ միլիոն դոլար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG