Մատչելիության հղումներ

«Ելք»-ի պատգամավոր․ Ծառուկյանը հասկացավ, որ այլընտրանք չունի


Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի երեկվա հարցազրույցը, ասաց, թե Գագիկ Ծառուկյանը հասկացավ, որ այլընտրանք չունի:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի երեկվա հարցազրույցից հետո էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները միանշանակ չեն ասում՝ արդյո՞ք փոխել են կարծիքը և կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը:

ԱԺ-ի փոխնախագահ Միքայել Մելքումյանը իրենց համար ընտրությունների անցկացման ընդունելի ժամկետ այսօր էլ չնշեց․ - «Հավասար պայմաններ ստեղծելու համար, եթե Ընտրական օրենսգիրքը կհասցնեն, ադապտացիոն շրջանը բավարար է դրա համար, կա կոմպրոմիս՝ այո: Եթե չկա՝ մենք ժամանակ չենք նշում: Եթե էդ ամեն ինչը կարելի է անել, ասենք, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, եթե էդ բոլոր մեր հարցադրումները․․․ կարելի է անել: Իսկ եթե չէ՝ ավելի ուշ»:

Մինչդեռ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ եթե ժողովուրդն ուզում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել դեկտեմբերին, իրենք էլ ենք ուզում․ - «Իմ ժողովրդի ցանկությունից մի քայլ հետ գնացող չկա: Ոչ թե դա խոսքեր են: Իմ ժողովրդի ցավը տանեմ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք երեկվա հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը հստակ չի ասել դեկտեմբերին պատրաստ լինելու մասին, Մելքումյանն արձագանքեց․ - «Մենք տարբեր բաների մասին ենք խոսում: Մենք ասում ենք, որ մենք ժամանակային խնդիր չենք լուծում, մենք բովանդակային խնդիր ենք լուծում: Կհասցնե՞նք դեկտեմբերին, ուրեմն կհասցնենք: Մեկը մյուսին չի հակասում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը, մեկնաբանելով ԲՀԿ ղեկավարի վերջին հայտարարությունը, ասաց, որ կուսակցությունը դեմ չէ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն։

Դեռ երեք օր առաջ Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդն ուզում է, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին: Դրանից հետո էլ «Ծառուկյան» խմբակցությունից տեսակետ էր հնչում, թե դեմ են ընտրությունները այդ ժամկետներում անցկացնելուն: Հարցին, թե ինչ փոխվեց, Լուիզա Սարգսյանը պատասխանեց․ - «Պատգամավորները ասում էին զուտ տեխնիկական խնդիրներից ելնելով, որ չկա օրենսգիրք, չկա Վենետիկի հանձնաժողովի որոշումը և այլն: Հիմա օրենսգիրքը արդեն բերվում է, իսկ պարոն Ծառուկյանը ասել է հենց միայն ժողովրդի ֆոնի և ցանկությունների... Մի քանի օր առաջ մենք, ճիշտ ասաց, ժողովրդի կողմից դեկտեմբեր արտահայտություն չենք լսել»:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կարծիքով, Ծառուկյանը հասկացավ, որ այլընտրանք չունի․ - «Ոչ մեկ այլընտրանք չունի, որովհետև ժողովրդի դեմ ի՞նչ այլընտրանք․․․ Եվ լավ կլինի, որ պարոն Ծառուկյանը իր գործով ապացուցի թե՛ իր և թե՛ իր ֆրանկցիայի ժողովրդի կողքին լինելը՝ պետք է նրանք պարզապես թեկնածու չառաջադրեն: Քվեարկության օրը գործով լրիվ այլ բան ապացուցվեց»:

ԲՀ-ի կողմից առաջարկված նախարարներին ազատելու՝ Փաշինյանի որոշմանը Ծառուկյանը հարցազրույցում չանդրադարձավ: Նա պնդեց, որ ինքը «հեղափոխության, ժողովրդի կողմնակիցն է»: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ասաց, ԲՀԿ-ի հետ կապ չունեն և իր միջոցով չեն կարող վերադառնալ քաղաքականություն․ - «Ես այդ ասում եմ որպես Ծառուկյան՝ եթե այդպիսի բան լինի, ուրեմն ես անբարոյական ընտանիքի զավակ եմ»:

Գագիկ Ծառուկյանը երկար խոսեց հեղափոխությանը ցուցաբերած իր աջակցության մասին: Փաշինյանի և մյուս պատգամավորների ձերբակալությանը օրը, Ծառուկյանի խոսքով, երբ ԲՀԿ-ն հանդես եկավ նրանց ազատ արձակելու կոչով, ինքը շատ սուր խոսակցություն է ունեցել այդ օրերին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, թե իրենց արածը «մեջքից խփել էր»։

Սակայն հիշեցնեմ, որ Ծառուկյանի ղեկավարած ուժի շատ ներկայացուցիչներ ԱԺ-ում կողմ էին քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ «համաժողովրդական շարժմանը միանալու» մասին հայտարարեցին նրա հրաժարականից միայն րոպեներ առաջ:

Ծառուկյանը երեկ «Կենտրոնի» եթերում ասաց․ - «Խի իմ չափ լումա ո՞վ ունի: Ես հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել: Կարո՞ղ ա էդ էլ են ասում չի եղել․․․ Ու ամենակարևորը մի բան էլ ասեմ․ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին որ ձերբակալեցին, որ միանգամից վերցրեցին ու տարան, ի՞նչ եղավ: Ո՞վ առաջինը իրենց կողքը կանգնեց, հայտարարեց՝ ես իրենց կողքին եմ, իմ ժողովրդի հետ եմ: Էդ ժամանակ Նիկոլի մտքով էր չէր անցնում, որ հնարավոր ա Սերժ Սարգսյանը հրաժարական տա»:

Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Հրաչյա Հոկոբյանն ասաց․ - «Ոչ մեկը չի ժխտում Ծառուկյանի մասնակցությունը հեղափոխությանը, բայց նրա հետ, թե առանց նրա, հեղափոխություն միեւնույնն է լինելու էր»:

Հակոբյանի խոսքով, Ծառուկյանի հարցազրույցից այդպես էլ չստացան ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ նրա գլխավորած խմբակցության պատգամավորները ՀՀԿ-ի հետ նախաձեռնեցին ու անցկացրեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում մեծ աղմուկ բարձրացրած փոփոխությունները։ Դրանք, Փաշինյանի աջակիցների կարծիքով, ԱԺ արտահերթ ընտրությունները ձախողելու նպատակ ունեին։

Ի դեպ, Միքայել Մելքումյանի պնդմամբ, Հայաստանից բացակայող Ծառուկյան խմբակցության ղեկավարի հետ իրենց քվեարկությունը համաձայնեցված էր:

«Կամ պատասխան չունեն դրան, կամ ունեն ոչ իրենց ձեռնտու պատասխանը», - նշեց Հրաչյա Հակոբյանը:

«Ուրվագիծ» հաղորդաշարը եթեր հեռարձակվեց նախատեսվածից մոտ երկու ժամ ուշ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերին Գագիկ Ծառուկյանն կպատասխանի «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում: Ժամը 22:10-ին հաղորդաշարը եթերում չէր: Տոնոյանը հաջորդ գրառմամբ ներողամտություն էր հայցել միայն ուշացման համար:

Ֆեյսբուքյան օգտատերերն այդ ընթացքում ամենատարբեր վարկածներ էին առաջ քաշում, թե ինչը կարող էր լինել ուշացման պատճառը։ Տոնոյանը կրկին Ֆեյսբուքում կարճ պատասխանել էր, թե խնդիրը ընդամենը տեխնիկական է։

Պատգմավոր Հրաչյա Հակոբյանի կարծիքով, ուշացումը կարող էր նաև այլ պատճառ ունենալ․ - «Միգուցե եղել են նաև այնպիսի բաներ, որ ժողովրդի մոտ կարող էր ագրեսիա առաջացնել, և որոշել են, որ պետք է էդ մասերը մոնտաժվի, հանվի: Սա քաղաքականություն է, և ամեն ինչ հնարավոր է»:

XS
SM
MD
LG