Մատչելիության հղումներ

«Այն, ինչ կատարվում է ռուսական հատուկ ծառայություններում, բարդակ է». The Insider


Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Պետրովը և Բոշիրովը Սոլսբերիում, 3-ը մարտի, 2018 թ.
Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Պետրովը և Բոշիրովը Սոլսբերիում, 3-ը մարտի, 2018 թ.

Արևմուտքն արդեն բավականաչափ վարժ է արտաբերում «Նովիչոկ»-ը, ժամանակն է, որ սովորի մեկ այլ բառ՝ «բարդակ», որովհետև այն, ինչ կատարվում է ռուսական հատուկ ծառայություններում, միայն այդպես կարելի է բացատրել՝ անդրադառնալով ռուս լրտեսների հետ կապված վերջին սկանդալին՝ պնդում է արևմտյան մամուլը:

Երեկ միանգամից չորս երկիր՝ Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգներն ու Կանադան բացահայտեցին ռուսական գլխավոր հետախուզական վարչության՝ ГРУ-ի, մի շարք աշխատակիցների՝ հատուկ ընդգծելով, որ վերջիններիս գաղտնազերծումն այնքան էլ բարդ չի եղել՝ լրտեսների թողած անփույթ հետքերի ու փնթի աշխատանքի շնորհիվ:

Հոլանդացի իրավապահները, մասնավորապես, ապրիլին երկրից արտաքսված ռուսաստանցի լրտեսներից մեկի մոտ տաքսու ուղեվարձի կտրոն էին հայտնաբերել՝ ГРУ-ի մասնաշենքից մինչև «Շերեմետևո» օդանավակայան: Բացի այդ, նրանց կողմից վարձակալված մեքենայում գտնվել էին հաքերային հարձակումների համար նախատեսված հատուկ սարքավորումներ:

«Նիդերլանդների ռազմական հետախուզությունն ապրիլին կանխել ու նույն օրն իսկ երկրից վտարել է ռուսական հատուկ ծառայությունների չորս աշխատակիցների, որոնք թիրախավորել էին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Նրանց սարքավորումներն առգրավված են», - երեկ հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլևելդը:

Ժամեր անց ԱՄՆ դատախազը հայտարարեց, որ հոլանդացիների հայտնաբերած լրտեսներն իրենց «հերոսություններով» աչքի են ընկել նաև օվկիանոսի այն կողմում:

«Այս վայ-հերոսները պատժիչ գրոհներ են ծրագրել ողջ աշխարհով մեկ՝ ռուսների շահերն առաջ տանելու համար: Նրանց թիրախում են եղել Փենսիլվանիայում տեղակայված միջուկային էներգիայի կենտրոնը, որը միջուկային վառելիք է մատակարարում Ուկրաինային, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, որն ուսումնասիրում էր Սիրիայում քիմիական զենքի կիրառումը և Սկրիպալների թունավորումը, ինչպես նաև Հակադոպինգային գործակալությունը, որը մեղադրում է ռուս մարզիկներին՝ խթանիչներ օգտագործելու համար», - ասել է ԱՄՆ դատախազ Սքոթթ Բրեդին։

Կրեմլին մեղադրելով անպատասխանատու և ապօրինի վարքագծի մեջ՝ արևմտյան կառույցները երեկ մի շարք փաստաթղթեր ու լուսանկարներ հրապարակեցին, այդ թվում՝ երկու լրտեսների դիվանագիտական անձնագրերը, որտեղ հստակ երևում է, որ դրանք տրամադրվել են միևնույն օրը, միևնույն կառույցի կողմից, ընդ որում, անձնագրերի համարները միմյանցից տարբերվում են ընդամենը մեկ նիշով:

Լրագրողները հաշված ժամերի ընթացքում նոր փաստեր գտան. պարզվեց, որ լրտեսներից մեկը՝ Եվգենի Սերեբրյակովը տարիներ առաջ գիտական հոդված է հրապարակել ռուսական ամսագրերից մեկում և բաց տեքստով նշել, որ աշխատում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «հատուկ նախագծերի կենտրոնում», կառույց, որն, ըստ պաշտոնական աղբյուրների, զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության խնդիրներով և աշխատանքի վերցնում ծրագրավորման ոլորտում առաջատար մասնագետների:

Արևմտյան հատուկ ծառայությունների բացահայտած մյուս լրտեսն՝ Ալեքսեյ Մորենեցը, ով տաքսուն վճարել էր ГРУ-ից «Շերեմետևո» տանելու համար ու անդորրագիրը պահել գրպանում, հետաքննող լրագրողներին հնարավորություն է տվել դուրս գալ ГРУ-ում աշխատող այլ հարյուրավոր հետախույզների վրա:

Bellingcat և The Insider պարբերականներին, մասնավորապես, հաջողվել է պարզել, որ նրա ավտոմեքենան Ճանապարհային ոստիկանության տվյալների բազայում գրանցված է նույն այն հասցեում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության զորամասերից մեկը: Նույն այդ հասցեն, ըստ հետաքննության, որպես իրենց աշխատավայր են նշել ավելի քան 300 այլ ռուսաստանցիներ՝ ակնհայտ դարձնելով, որ աշխատում են ռուսական հետախուզության համար:

«Շատերն են պնդում, որ հետախուզությունը գաղտնի է, նման բան չի կարող լինել, ես, սակայն, մշտապես ասում եմ՝ «դավադրությամբ մի բացատրեք այն, ինչի պատճառը կարող է հասարակ փնթիությունը լինել», - «Ազատության» Currentime հեռուստածրագրին ասել է հետաքննության հեղինակ Insider-ի գլխավոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովը:

«Կարծում եմ՝ կադրային նման քաղաքականություն է վարվում, քանի որ գումարներ չկան նորմալ մասնագետներ պատրաստելու համար, չկան ռեսուրսներ: Մեկ անգամ արդեն ձախողված գործակալներին տեղում մեկ այլ երկիր են ուղարկում՝ կարևոր հանձնարարության: Կարճ ասած՝ քաոսային վիճակ է, բարդակ: Բոլորն են հիմա անգիր են արել «Նովիչոկ» բառը, հիմա արտասահմանցիները նաև պետք է բարդակը սովորեն, սա տեղի ունեցածի լավագույն բնորոշումն է», - ասել է Insider-ի գլխավոր խմբագիրը:

«Պուտինին անհնար է ամաչեցնել, սակայն մերկացնել՝ հնարավոր է», - այս առթիվ այսօր գրել է այսօր The Wall Street Journal-ը:

«Ռուս լրտեսների անպատասխանատու փորձերը որևէ օգուտ չեն տալիս Կրեմլին և միայն էլ ավելի են հարվածում չեղած հեղինակությանը», - իր հերթին պնդում է The New York Times -ը:

Էլ ավելի խոսուն է բրիտանական The Times-ի անդրադարձը։ «Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը պարծենում էր, թե գերազանցում է մյուսն երկրներին երկու ոլորտներում՝ լրտեսության մեջ և տիեզերքի ուսումնասիրությունների, երկուսում էլ հիմա ձախողում է, ընդ որում՝ բոլորի աչքի առաջ», - գրում է թերթի մեկնաբանը՝ մանրամասնելով. - «Անցած ամիս ռուս գիտնականները լուրջ թերություններ հայտնաբերեցին «Սոյուզ» տիեզերանավում, մինչդեռ ռուսական հետախուզության բացթողումներն առավել ակնհայտ ու նվաստացնող են, հատկապես, КГБ -ի նախկին գործակալ Վլադիմիր Պուտինի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG