Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի ևս մեկ նախկին նախագահ բանտ ուղարկվեց


Հարավային Կորեայի նախկին նախագահ, մեղադրյալ Լի Մուն-բակը:
Հարավային Կորեայի նախկին նախագահ, մեղադրյալ Լի Մուն-բակը:

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մուն-բակը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Մայրաքաղաք Սեուլի Կենտրոնական վարչական շրջանի դատարանը նախկին նախագահին այսօր մեղավոր է ճանաչել 24 միլիարդ 600 միլիոն «վոն» (գումարը հավասար է 27 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի ) կաշառք ստանալու և մի շարք այլ հանցանքների համար:

Քննիչների պնդմամբ, այդ հանցագործությունները կատարվել են 2008-13 թվականներին՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու օրոք և դրանից հետո:

Դատարանը Լի Մուն-բակին պարտավորեցրել է վճարել 13 միլիարդ «վոն» (11 միլիոն 500 հազար դոլար) տուգանք: Վճիռն ընթերցել է Սեուլի կենտրոնական վարչական շրջանի դատավոր Չուն Կյու Սանը:

Դատավորը հավելել է, որ եթե մեղադրյալը չվճարի տուգաքն, ապա նրան կփոխադրեն աշխատանքային գաղութ:

Նախկին նախագահը հերքում է մեղադրանքը և պնդում է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը ներկայիս նախագահ Մուն Ջե Իի կողմից «քաղաքական վրեժխնդրություն է»:

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ ստանձնելով պաշտոնը՝ գործող նախագահը հայտարարել է, թե ամեն բան կանի «նախկին վարչակարգերի գործունեության հետևանքով իշխանության հեղինակության անկումը վերականգնելու համար»:

Լի Մուն-բակը Հարավային Կորեայում թվով արդեն չորրորդ նախագահն է, ով դատական պատասխանատվության է ենթարկվում:

Պակ Կին Խեն, ով ղեկավարել է երկիրը 2013-17 թվականներին, այս տարվա ապրիլին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման:

1996 թվականին կոռուպցիայի և իշխանությունը յուրացնելու մեղադրանքով մահապատժի է դատապարտվել Հարավային Կորեայի 1980-88 թվականների ղեկավար, ռազմական դիկտատոր Չոն Դու Խվանը:

Հետագայում մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, ապա նախագահ Կիմ Ջե Ունը նախկին դիկտատին ներում է շնորհել:

Մի ուշագրավ հանգամանք․ 1980 թվականին դիկտատոր Չոն Դու Խվանի ռեժիմը մահվան է դատապարտել Կիմ Ջե Ունին, ով այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր: Մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, ապա կայացվել է ներման որոշում: Փաստորեն, Կիմ Ջե Ունը նույն սցենարով է գործել դիկտարորի հարցում:

1988 թվականին Չոն Դու Խվանին նախագահի պաշտոնում փոխարինած Ռո Դե Ուն նույնպես մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, հետագայում պատժաչափն իջեցվել և հասցվել է 17 տարվա, իսկ ավելի ուշ՝ վերստին նախագահ Կիմ Ջե Ունի հրամանագրով, Ռո Դե Ուն ներում է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG