Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան․ Ռևանշի վտանգ Հայաստանում չկա այլևս


Ժիրայր Սեֆիլյանը ելույթ է ունենում «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարում: 29-ը սեպտեմբերի, 2018 թ․

Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ նեցուկ են վարչապետին՝ միաժամանակ պնդելով, թե վարչապետը չպետք է հրաժարական ներկայացնի։

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենք կիսում են հանրության կարծիքը Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ․ - «Մենք ևս համարում ենք, որ սխալ է այդ մարտավարությունը: Այսինքն, երբեք հրաժարականի միջոցով պետք չէ, որ Ազգային ժողովը լուծարվի: Ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդը ինքը կորոշի՝ «այո» թե «ոչ»: Իսկ ինչ վերաբերում է այն մտավախություններին, որ արդյոք պարոն Փաշինյանը կգնա էդ քայլին, թե չէ, ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլը հրաժարվի այդ մարտավարությունից»:

Ավելին՝ Սեֆիլյանը զգուշացրեց վարչապետի հրաժարականին սպասող ուժերին․ - «Այն շրջանակներին, որոնք սպասում են այդ պահին, ր ինչ-որ մտադրություններ ունեն օգտագործել այդ պահը և ցնցումներ առաջացնել մեր երկրի ներսում, զգուշացնում ենք այս ուժերին, որ մենք մեր ժողովրդի հետ միասին ամբողջությամբ նեցուկ ենք կանգնած Նիկոլ Փաշինյանին, և ոչ ոք չի կարողանալու սասանել Փաշինյանի դիրքերը»:

«Ազատության» հարցին, թե արդյոք այդ մասին արդեն խոսել են վարչապետի հետ, Սեֆիլյանը բացասական պատասխան տվեց․ - «Այս հարցի վերաբերյալ տակավին խոսակցություն չենք ունեցել: Մենք ուզում ենք այս հարցով, և ոչ միայն այս հարցով, առաջիկա օրերին հանդիպում ունենալ»:

Իսկ հարցին, թե ինչու են դեմ վարչապետի հրաժարականին այն դեպքում, երբ նա ինքն է նման պատրաստակամություն հայտնել, Սեֆիլյանը պատասխանեց․ - «Նախ և առաջ այս պատճառով է, որ քայլեր պետք է կատարել, որ ավելորդ պատճառով մեր ժողովրդին չմտահոգել: Եվ երկրորդ, բնականաբար այդ քայլից հավանաբար ինչ-որ շրջանակներ կփորձեն օգտվել, բայց այդ օգտվել կատարողներից ինչ-որ մտավախություն ունենալ, թե արդյունքի կհասնեն․․․ չի, այդպես չէ: Մենք բացմիցս ասել ենք, որ ռևանշի վտանգ Հայաստանում չկա այլևս»:

Սեֆիլյանն ու իր կուսակիցները չեն կանխատեսում այնպիսի սցենար, ըստ որի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է դառնա վարչապետ․ - «Ես իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել, որ ես այդպիսի սցենար չեմ տեսնում: Քոչարյանն էլ, Սերժն էլ սպասում են երբ են կալանավորվելու: Ուրիշ ուղի նրանց չի սպասում»:

«Սասնա ծռեր» կուսակցությունը ձևավորվել է վերջերս։ 2016-ի ամռանը նույնանուն զինված խումբը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, ինչի հետևանքով երեք ոստիկան զոհվեց:

Իրենց «Սասնա ծռեր» կոչած զինված խմբի անդամները մեծամասամբ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներն էին։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո նրանց մեծ մասը երկու տարի բանտերում անցկացնելուց հետո պատգամավորների երաշխավորության դիմաց կալանքից ազատ արձակվեց։

Դեռևս բանտում են գտնվող զինված խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանը և երեք ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Հեղափոխությունից հետո զինված խումբը հայտարարեց՝ փակում են զինված պայքարի էջը և անցնում խաղաղ գործունեության։

Կուսակցության հիմնադիրները այսօրվա ասուլիսին հայտարարեցին, որ դեռ չեն որոշել՝ առանձի՞ն կգնան արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ հնարավոր է որեւէ ուժի հետ դաշինք կազմեն։ Հստակ չէ նաև, թե ով կգլխավորի իրենց նախընտրական ցուցակը։

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Գարեգին Չուգասզյանն ասաց․ - «Երկրորդ ուժի հավակնող, հանրային քաղաքականություն իրականացնող քաղաքական ուժի մասին է խոսքը: Եվ Հայաստանում ակնհայտ է, որ էդպիսի երկրորդ ուժ «Սասնա ծռեր» կուսակցությունն է»:

«Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք կիսում են իշխանության քաղաքականությունը, և որ առաջիկա ընտրություններին կլինեն առողջ մրցակիցներ։

«Ազատության» դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր է հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ, և հարցին, թե արդյոք իրենք նման առաջարկ ստացել են, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ տեղեկություններ դեռ չունեն։

«Սասնա ծռերը» քննադատեցին հոկտեմբերի 2-ի երեկոյան «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխություններին կողմ քվեարկած ուժերին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և Դաշնակցությանը՝ հայտարարելով՝ սեւ ուժերը պետք է հեռանան։

«Այն ուժերը, որոնք մենք տեսանք, թե ինչ դավադրություն էին կազմակերպել մի քանի օր առաջ», - ասաց Գարեգին Չուգասզյանը:


Վարուժան Ավետիսյանը հավելեց․ - «Նախ, մենք չենք տեսնում այդ ուժերին քաղաքական ասպարեզում: Երկրորդը, նորից կրկնում ենք, որ հանցավոր համագործակցությունը չի կարող լինել քաղաքականության մեջ, այլ պետք է լինի հայկական Նյուրնբերգի նստարանին»:

«Սասնա ծռերն» այսօր ողջունեցին կառավարության քայլը համաներում նախաձեռնելու վերաբերյալ՝ ակնկալելով, որ այն կտարածվի նաև իրենց ընկերների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG