Մատչելիության հղումներ

2019֊ին ՀՀ պետական պարտքը կհասնի 7,3 միլիարդ դոլարի


Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանի պետական պարտքը 2019 թվականին կավելանա շուրջ 200 միլիոն դոլարով՝ 7,1 միլիարդից հասնելով 7,3 միլիարդ դոլարի։

Ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր համոզմունք հայտնեց, որ ակնկալվող նոր գումարները ծախսվելու են խիստ նպատակային, ինչի վերջնարդյունքում պետական պարտք - ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի։

«Մենք գնում ենք էն ճանապարհով, որ պարտք վերցնում ենք նոր արդյունք ստեղծելու հնարավորություններ ձևավորելու համար: Ոչ թե պարտք ենք վերցնում, որպեսզի մեր ընթացիկ կարիքները հոգանք, ոչ թե պարտք ենք վերցնում, որպեսզի շահենք բարեհաճությունը հասարակության մի մասի, այլ պարտք ենք վերցնում, որպեսզի ստեղծենք նոր արդյունք, որը ի վիճակի կլինի գեներացնել նոր հնարավորություններ, և նույն հասարակության անդամի կարիքները հոգանք շատ ավելի լավ, քան հնարավոր է մեր էսօրվա կարողություններով», - փոխանցեց նախարարը:

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը շուրջ 4 անգամ ավելացել է․ 2008-ին այն կազմում էր ընդամենը 1,9 միլիարդ դոլար։

Ֆինանսների նախարարը նշում է, որ նոր պարտքերի անհրաժեշտությունը կշարունակվի, քանի դեռ բյուջեի դեֆիցիտ կա, որն այս տարի այն կազմում է մոտ 300 միլիոն դոլար: Ընդհանուր բյուջեն 3 միլիարդ է։

«Քանի դեռ որևէ երկիր ունի դեֆիցիտով բյուջե, չի կարող անվանական արտահայտությամբ պարտքը նվազել: Երկրի ամբողջ ջանքը պիտի ուղղված լինի նրան, որ այդ պարտքը չլինի նշանակալի այնքան, որ սկսի, օրինակ, դուրս մղել այլ ծախսեր, որ չսկսի նպաստելու փոխարեն խոչընդոտել այլ ծախսերի, այլ ծրագրերի ֆինանսավորմանը», - նշեց Ջանջուղազյանը:

Հաջորդ տարվա հունվարի 1-ից 7 հազար դրամով կբարձրանա նվազագույն կենսաթոշակը՝ 18 հազարից հասնելով 25 դրամի: Նույնը կմնա, սակայն, նվազագույն աշխատավարձի չափը․ - «Եթե չհիմնավորված բարձրացում տեղի ունենա նույն նպաստի կամ աշխատավարձի, ապա դա աղքատությունը ավելի կխորացնի: Ընդ որում՝ իր հետ կտանի նաև նրանց, ովքեր աշխատում են և արդյունք են ստեղծում, որովհետև մենք բոլորս իրար հետ եթե հավասարակշռված բյուջեի պայմաններում երկրի գեներացրած հնարավորություններով չենք կարողանում բարձրացնել աշխատավարձը և նպաստը, դա նշանակում է, որ միակ ճանապարհը պարտք վերցնելով դա բարձրացնելն է»:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, աշխատավարձերի բարձրացում գուցե և լինի, այժմ աշխատում են կադրային և գոևծառութային օպտիմալացման ուղղությամբ․ - «Պայմանական թիվ ասեմ՝ ամեն չորս աշխատակցից մեկը ղեկավար է: Եվ դա պետական կառավարման համակարգում ամենավատ վիճակը չի, որովհետև կան մարմիններ, որտեղ ամեն երկուսից մեկը ղեկավար է կամ մեկին սպասարկող աշխատակազմ: Եթե մենք փոխենք իրավիճակը, օրինակ, ոչ թե ամեն չորսից մեկը ղեկավար լինի, այլ ամեն իննից մեկը ղեկավար լինի, մենք մոտավորապես 20 տոկոսով աշխատանքի վարձատրությունը բարելավելու հնարավորություն ենք ունենում»:

Հաջորդ տարի ռազմական ծախսերի համար կհատկացվի 25 տոկոսով ավելի գումար։ Ըստ Ֆինանսների նախարարության, այդ գումարը կլրացվի նաև Ռուսաստանից սպասվող նոր վարկից․ - «Կա ձեզ հայտնի 100 միլիոն դոլարի Ռուսաստանի Դաշնությունից ռազմատեխնիկական աջակցության ծրագիր, որը ըստ էության մյուս տարվա համար կիրականացվի վճարումները և որպես պարտք հաշվառելը, հետևաբար մոտավորապես այդ չափով էլ լրացուցիչ է ստացվել պաշտպանության ծախսերը 2019 թվականի համար»:

Կառավարությունը 2019 թվականին կանխատեսում է 4,9 տոկոս տնտեսական աճ: Ատոմ Ջանջուղազյանը ընդունում է, որ բյուջեի նախագիծը հասարակության ցանկությունների չնչին մասն է արտացոլում:

Կառավարությանը նույնպես չի գոհացնում այն։ Ջանջուղազյանի խոսքով՝ փաստաթուղթը դեռ ամբողջությամբ նոր կառավարությանը չէ, այն մշակվել է՝ հաշվի առնելով 2018-ի Հանրապետական կուսակցության կազմած բյուջեն ու տնտեսական ցուցանիշները։

2019 թվականից սկսած, կառավարությունը գնահատելու է ոչ միայն կատարված գործողությունները, այլև դրանց տված արդյունքը․ - «Խոսքը վերաբերում է նրան, որ ոչ թե կարևոր է գումարը, ֆինանսական միջոցը, որը ծախսվել է, այլ կարևոր է թե այդ ֆինանսական միջոցով ինչ արդյունք է արձանագրվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG