Նրա խոսքով, վարչապետը, սեպտեմբերի 21-ին բացելով Բաղրամյան 26-ի դարպասները, ցույց տվեց, որ իշխանությունը չի վախենում ժողովրդից։
Երեկ վարչապետի որոշմամբ նաև Ազգային ժողովի այգին բացվեց քաղաքացիների առջև։
Ազգագրագետը կարծում է, որ խորհրդարանի դարպասների բացումը ավելի կարևոր իրադարձություն էր․ - «Իհարկե ԱԺ-ն ինքնուրույն չարեց դա, առիթ եղավ: Առիթ եղավ հենց այդ երեկո մոտենալու պատգամավորներին բողոքող հանրահավաքի մասնակիցներին, որովհետև այդ դիստանցիայի կրճատումը երաշխիքն է նրա, որ իշխանությունը չմեկուսանա հասարակությունից և այդ մեկուսացման պայմաններում ինքն իր համար որոշումներ չկայացնի, այլ նաև հասարակության համար առաջին հերթին իր որոշումները ավելի սրտամոտ լինեն և ընդունելի լինեն»:
Ազգագրագետի կարծիքով, ի տարբերություն նախկինների, գործող իշխանությունը ժողովրդից չի վախենում: Թադևոսյանը բացառում է, որ նախկինները պետական շենքերի դարպասները կբացեին հանրության առջև․ ֊ «Ավտորիտար իշխանություններն իրենք դիստանցավորված են ժողովրդից: Իսկ էստեղ մենք տեսանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավորներին մոտեցրեց և օգնեց նրանց հաղթահարելու իրենց վախերը հասարակությունից և հիմա իրենք տեսնում են, որ էստեղ խնդիր չկա։ գուցե դուրս գան այս տարածք, կշփվեն մարդկանց հետ, միգուցե և ավելի լավ կընկալեն մարդկանց տրամադրությունները, կարծիքները»:
Տարբեր հանրային տարածքների համար տարիներ շարունակ պայքար ծավալած ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ նման վայրերի ազատագրումը քաղաքացիական ակտիվիստների փոքր խմբերի համար օրակարգային կարևոր հարցերից մեկն է եղել։
Խոսելով Բաղրամյան 26-ի դարպասների բացման մասին՝ ակտիվիստը նկատեց․ - «Այս տարածքը եղել է ոչ միայն անմատչելի, այլև հնարավոր չի եղել անգամ մոտենալ մայթեզրին: Անպայման մեր ակցիաները պիտի իրականացնեինք մյուս մայթին և անգամ շատ դաժան ծեծ է տեղի ունեցել որդեկորույս մայրերի հենց այս մայթին մոտենալու պատճառով։ Այսինքն՝ մի վայր, որ պետք է բաց լիներ հասարակության համար թե՛ բողոքների, թե՛ նրանց հանգստի տեսանկյունից, անմատչելի էր»:
Բաղրամյան 26-ի դիմաց բազմաթիվ բողոքի ակցիաներ իրականացրած Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ այս վայրի հետ կապված դաժան հիշողություններ ունի․ - «Մենք տեսել ենք բավական լուրջ, դաժան տեսարաններ այստեղ։ Թե՛ մեր նկատմամբ, թե՛ մյուս ակտիվիստերի։ Այս տարածքը ասոցացվում էր փակության, դաժանության, անջրպետվածության, անմատչելիության և հասարակությունից կտրվածության հետ։ Հիմա այդ անջրպետը քանդվել է, բացվել է։ Եվ այն մարմինը, որը պիտի ծառայեր ժողովրդին, ամբողջովին բացվել է ժողովրդի առջև»։
Այսօր երկու պետական շենքերի այգիներում էլ ազատ ելումուտ էին անում քաղաքացիները, լուսանկարվելու առիթը բաց չէին թողնում նորապսակ զույգերը: