Մատչելիության հղումներ

Միջադեպ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Փենսիլվանիայում գտնվող առանձնատան տարածքում


ԱՄՆ - Ֆեթուլլահ Գյուլենի առանձնատունը Սեյլորսբուրգում, Փենսիլվանիա նահանգ, արխիվ
ԱՄՆ - Ֆեթուլլահ Գյուլենի առանձնատունը Սեյլորսբուրգում, Փենսիլվանիա նահանգ, արխիվ

Ամերիկյան ոստիկանությունը պաշտոնապես հաստատում է շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում բնակվող թուրք իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի առանձնատանը հարող տարածքում չորեքշաբթի երեկոյան առնվազն մեկ կրակոց է հնչել:

Reuters-ի տեղեկություններով՝ Գյուլենի թիկնապահներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել, երբ սևազգեստ մի անձ փորձել է մուտք գործել առանձնատան դարպասներից ներս:

«Կրակոցից անմիջապես հետո այդ մարդը փախուստի է դիմել», - հայտնել է Գյուլենի` լրատվամիջոցների հետ հարաբերությունների գծով խորհրդական Ալփ Ասլանդողանը: Նրա խոսքով՝ միջադեպի պահին իսլամիստ գործիչը գտնվել է առանձնատանը: «Տուժածներ չկան, բայց և այնպես, առաջինը, ինչ արեցինք, ոստիկանությանը կատարվածի մասին տեղյակ պահելն էր», - նշել է Ֆեթուլլահ Գյուլենի խորհրդականը, հավելելով, որ իրենց թիմակիցները պատրաստ են լիարժեքորեն համագործակցել ամերիկացի իրավապահների հետ՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու նպատակով:

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպից հետո ոստիկանությունը մի քանի ժամ շարունակ խուզարկել է Գյուլենի առանձնատան և մերձակա Պակոսոյի լեռնաշղթայի միջև ընկած տարածքը, սակայն կասկածյալն այդպես էլ չի հայտնաբերվել:

Գյուլենի թիկնապահներից մեկը նաև պատմել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ իսլամիստ գործչի առանձնատան մերձակայքում կասկածելի մի անձի են նկատել: «Նա թուրքերեն էր խոսում, փորձում էր մուտք գործել տարածք և ընդհանուր առմամբ կասկածելի պահվածք էր ցուցաբերում», - նշել է Ֆեթուլլահ Գյուլենի թիկնապահներից Օսթին Դևիսը:

90-ականների վերջից Փենսիլվանիայում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի առանձնատան մերձակայքում տեղի ունեցած այս միջադեպը արձանագրվեց Անկարայից հնչող կոշտ հայտարարությունների ֆոնին:

Գերմանիա կատարած պետական այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պահանջում էր, որպեսզի պաշտոնական Բեռլինը Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» շարժումը ընդգրկի ահաբեկչական կառույցների ցանկում: Իսկ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ թուրքական հատուկ ծառայությունները Գյուլենի և նրա կողմնակիցների դեմ գործողություններում չպետք է սահմանափակվեն Թուրքիայի տարածքով:

«Հետախուզական ազգային ծառայությունը պետք է գյուլենական ցանցի անդամների դեմ գործողություններ իրականացնի նաև արտերկրում: Այդ մարդիկ պետք է ամեն րոպե զգան Թուրքիայի Հանրապետության շունչն իրենց ծոծրակին», - նշում էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Իզմիրի քաղաքային դատարանը 10․5 տարվա ազատազրկման է դատապարտել Ֆեթուլլահ Գյուլենի հարազատ եղբորը` Քութբեթդին Գյուլենին` նրան մեղավոր ճանաչելով ահաբեկչական կառույցին անդամակցելու համար: Anadolu գործակալության տվյալներով՝ Գյուլենի եղբայրը, որը վերջին շրջանում գտնվում էր Դենիզլի քաղաքի բանտում, դատավճռի հրապարակմանը ներկա չի եղել:

Թուրքական իշխանությունները պնդում են, որ 2016 թվականի հուլիսին երկրում իրականացված հեղաշրջման անհաջող փորձի հեղինակը հենց Ֆեթուլլահ Գյուլենն ու նրա ենթակայության տակ գործող ընդհատակյա ցանցն է: Ինքը իսլամիստ գործիչը, որը Էրդողանի իշխանության սկզբնական շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ բավական սերտ կապեր ուներ, ներկայացվող մեղադրանքները կտրականապես հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG