Մատչելիության հղումներ

Բողոքի զանգվածային ցույցեր, կրակոցներ Ինգուշեթիայում


Ռուսաստան - Բողոքի ցույցը Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում, 4-ը հոկտեմբերի, 2018թ․

Ինգուշեթիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ Չեչնիայի հետ տարածքներ փոխանակելու որոշման դեմ, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել մոտ տասն օր առաջ՝ ռուսաստանյան երկու հանրապետությունների ղեկավարների միջև:

Առավոտից հարյուրավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի մոտ, որն այսօր քննարկել ու վավերացրել է համաձայնագիրը: Մայրաքաղաք Մագասի ճանապարհները փակ են, համացանցը աշխատում է խափանումներով:

Չնայած բազմամարդ ցույցերին՝ Ինգուշեթիայի խորհրդարանում վիճահարույց համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել 17 պատգամավոր, դեմ՝ 3-ը, մյուսները՝ ձեռնպահ: Նիստին 32 պատգամավորներից մասնակցել է 25-ը:

Չեչնիայի խորհրդարանը փաստաթուղթը հաստատել էր միաձայն:

Ինգուշական խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների հետ ի վերջո որոշել են հանդիպել փաստաթուղթը վավերացրած օրենսդիրները: BBC-ի փոխանցմամբ՝ նրանք ներկայացել են ուժայինների ուղեկցությամբ, և հենց այդ պահին մոտակայքում հնչել են կրակոցներ, պատգամավորները վերադարձել են կառավարական շենք:

Ականատեսները պատմում են, որ բողոքող ցուցարարներին հանդիպելու էր եկել նաև Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովը: Ակցիայի մասնակիցներից մեկը, ամենայն հավանականությամբ՝ սադրիչ, նրա ուղղությամբ շիշ է նետել, ինչից հետո Եվկուրովի թիկնապահները կրակ են բացել օդում:

Տարածքների փոխանակման մասին փաստաթուղթը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Ինգուշեթիայի բնակչության շրջանում, այլ նաև արդարադատության համակարգում: Սահմանադրական դատարանը ետ է կանչել համաձայնագիրը՝ պնդելով, թե Ազգային ժողովը լիազորված չէ նման օրենք ընդունել, և հարցը պետք է որոշվի հանրապետական հանրաքվեի միջոցով:

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող երկու կովկասյան հանրապետությունների միջև տարածքային վեճը նոր չէ: Խորհրդային Միության փլուզումից հետ Չեչնիան ու Ինգուշեթիան չեն կարողանում կիսել մասնավորապես Սունժայի շրջանը, որը մաս է կազմում միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքներին: Տարիների ընթացքում այս տարածքի շուրջ վեճը ժամանակ առ ժամանակ սրվել է՝ երբեմն վերածվելով զինված բախումների: 2013 թվականին՝ հերթական բախումներից հետո կողմերը միմյանց մեղադրել են տարածքային ոտնձգությունների մեջ և խզել կապերը: Միայն 2015-ից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ու Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովը սկսեցին կրկին հանդիպել, իսկ անցյալ շաբաթ որոշեցին ի վերջո կարգավորել խնդիրները:

Ի տարբերություն Չեչնիայի, Ինգուշեթիայում պնդում են, որ երկու ղեկավարները մոլորեցրել են ժողովրդին և Գրոզնիին հանձնել ինգուշական լեռնային հողերի մի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG