Մատչելիության հղումներ

Քննարկվում է Պուտին-Մարգվելաշվիլի հանդիպման հնարավորությունը. Աբաշիձե


Զուրաբ Աբաշիձե-Գրիգորի Կարասին հանդիպումը Պրահայում, արխիվ
Զուրաբ Աբաշիձե-Գրիգորի Կարասին հանդիպումը Պրահայում, արխիվ

Թբիլիսիում չեն բացառում, որ Ռուսաստանի և Վրաստանի նախագահները կարող են հանդիպել` քննարկելու երկու երկրների հարաբերություններում ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում կուտակված խնդիրները: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում այդ մասին նշել է Վրաստանի վարչապետի` Մոսկվայի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն` ընդգծելով, սակայն, որ երկու երկրների դիվանագետները դեռ որևէ հստակ բան նման հանդիպման մասին ասել չեն կարող:

«Տեսականորեն նախագահների հանդիպում հնարավոր է: Մենք մշտապես ասել ենք, որ եթե նման հանդիպում կայանա, իսկ դրա անհրաժեշտությունը ուշ թե շուտ ծագելու է, ապա այդ բանակցությունների օրակարգում նախևառաջ պետք է ընդգրկվեն մեզ համար հրատապություն ներկայացնող հարցերը: Խոսքը հակամարտության գոտիներում տիրող կացության մասին է: Կարծում եմ, որ սա այն խնդիրն է, որում գոնե մի փոքր ընդառաջ քայլի անհրաժեշտություն առկա է», - հայտարարում էր Աբաշիձեն:

Վրաստանի վարչապետի հատուկ բանագնացն այս հայտարարություններով հանդես եկավ Չեխիայից Վրաստան վերադառնալուց անմիջապես հետո:

Պրահայում Զուրաբ Աբաշիձեն բանակցությունների հերթական փուլն էր անցկացնում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:

Այն, որ Աբաշիձեի հետ հանդիպումների նպատակներից մեկը նաև նախագահների հանդիպում կազմակերպելն է, չի ժխտում նաև Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

«Բարձր մակադրակով նման հանդիպումը լուրջ քաղաքական իրադարձություն է: Պրահայում կայացած բանակցություններով մենք, փաստորեն, նմանատիպ հանդիպում ենք նախապատրաստում: Եթե մենք կարողանանք երկու երկրների ղեկավարներին այնպիսի մի բան առաջարկել, որ նրանք քննարկեն դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, ապա կգնանք այդ քայլին: Առայժմ, սակայն, այդ ամենը շատ հիպոթետիկ բնույթ է կրում», - նշում էր Գրիգորի Կարասինը:

Աբաշիձե-Կարասին վերջին հանդիպման օրակարգային թեմաներից մեկը նաև երկու երկրների միջև 2011-ի նոյեմբերին կնքված մաքսային համաձայնագրի կյանքի կոչումն էր: Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը պայմանավորվել են, որ մոտ ապագայում այս համաձայնագրի իրագործման տեխնիկական դետալները կքննարկվեն հատուկ հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում: Այդ նիստին մասնակցելու են նաև շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչները: Այդ ընկերությունը, հիշեցնենք, պետք է իրականացնի Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող բեռնափոխադրումների մոնիտորինգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG