Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ԶԼՄ-ները՝ երևանյան իրադարձությունների մասին

Ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերությունները երեկ և այսօր հակիրճ պատել են երևանյան իրադարձությունների մասին՝ գրեթե նույն տեքստով:

«Առաջին ալիքը» այսպես է սկսել իր ռեպորտաժը․ - «Երևանում անցած երեկո Փաշինյանի կողմնակիցները շրջապատել էին Ազգային ժողովի շենքը՝ բողոքելով օրենսդիր մարմնի ընդունած այն օրենքի դեմ, որը դժվարացնում է Ազգային ժողովի լուծարումը»:

Գրեթե նույնն է պատմել նաև РТР-ի «Վեստին»:

Երևանյան իրադարձություններին անդրադարձել են բոլոր լրատվամիջոցները՝ նախ և առաջ նշելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, պատրաստվում է լուծարել Ազգային ժողովն ու դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մեծամասամբ հակիրճ, չեզոք ռեպորտաժներ ու հոդվածներ են:

Իսկ ահա «Կոմերսանտը», որ հաճախ ծավալուն հոդվածներ է հրապարակում թե՛ ղարաբաղյան հակամարտության և թե՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին, այսօր նույնիսկ երկու հոդված է հրապարակել։

Դրանցից մեկի վերնագիրն արդեն բավականին խոսուն է՝ «Սառնարան Փաշինյանի համար»:

«Կոմերսանտի» մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը գրում է, թե մայիսյան «թավշյա հեղափոխությունը» իրականում հեղափոխության չի վերածվել․ - «Փաշինյանը հրապարակից տեղափոխվեց վարչապետի բազկաթոռին, սակայն հայտնվեց «առանց բանակի գեներալի» կարգավիճակում։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը պահպանել է երկրում իրավիճակի վրա ազդելու լծակները և հոկտեմբերի 2-ին օգտվել է իր այդ հնարավորությունից՝ ընդունելով մի օրենք, որը խոչընդոտում է խորհրդարանի լուծարումը»:

«Կոմերսանտի» հեղինակը քննադատում է Փաշինյանին. - «Նա դեռ չի անցկացրել ոչ մի բարեփոխում, նա դեռ չունի կայացած թիմ»:

Սոլովյովը, այդուհանդերձ, գրում է, որ Հայաստանի ժողովուրդը հստակ փոփոխություններ է ուզում, և միակ մարդը, ով, ժողովրդի կարծիքով, կարող է ապահովել այդ փոփոխությունները, Փաշինյանն է, ում «փողոցը վստահում է» և «մեծահոգաբար ներում է բոլոր սխալները՝ փոխարենը ոչինչ չպահանջելով»․ - «Փողոցն այսօր բավարարվում է միայն իրենց առաջնորդի հետ սելֆի անելու հնարավորությամբ և նրա հայտարարություններով, թե իշխանությունը երկրում ժողովրդին է պատկանում: Սակայն մարդիկ մի օր կհոգնեն փողոց դուրս գալուց և Փաշինյանի Ֆեսյբուքի էջի փոխարեն կբացեն սառնարանը, և այն, ինչ կտեսնեն այդ սառնարանում, դա էլ կորոշի Փաշինյանի քաղաքական ապագան»:

«Կոմերսանտի» հեղինակը անդրադարձել է նաև ԱՊՀ գագաթնաժողովին՝ նկատելով, որ Փաշինյանը այդպես էլ չի ստացել Լուկաշենկոյի, Նազարբաևի և Պուտինի միանշանակ վստահությունը, քանի որ «այդ մարդիկ փողոցը տեսնելիս միշտ Արևմուտքն են տեսնում, իսկ նրանց վերաբերմունքն Արևմուտքի նկատմամբ բոլորին հայտնի է»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG