«Նախկին նախագահը վրացական քաղաքացիություն էր շնորհում թուրքերին, որոնք բնակություն էին հաստատում Բաթումիում և մինչև այդ որևէ կապ չէին ունեցել Վրաստանի հետ: Նախկին նախագահը թուրքերին քաղաքացիություն էր բաժանում, իսկ ձեզ` ոչ», -հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրացական ընդդիմությունը, որ հիմնականում բաղկացած է Սաակաշվիլիի նախկին և ներկա կողմնակիցներից, բավական նյարդային արձագանքեց Զուրաբիշվիլիի` ջավախահայերի հետ հանդիպումների ժամանակ հնչեցրած այս հայտարություններին:
«Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ տիկին Զուրաբիշվիլին մեր պետության թշնամին է: Ինչպե՞ս կարող ես դու երկրի նախագահի պաշտոն զբաղեցնել, երբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին դիմում ես նման հայտարարություններով, երբ քո երկրի հայազգի քաղաքացիներին ասում ես, թե նախկին իշխանությունը թուրքերին քաղաքացիություն էր շնորհում, իսկ հայերին`ոչ», - ասել է է Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավարներից Նիկա Մելիան:
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Բաքրաձեն ևս համոզված է, որ երկրի բարձագույն պաշտոնին հավակնող անձի կողմից նման հայտարարություններ հնչեցնելը երկրում ազգամիջյան ատելություն սերմանելու նպատակ ունի:
«Բացի այն հանգամանքից, որ այդ տարածաշրջանում նման հայտարարություններ հնչեցնելը պարզապես վտանգավոր է և ոչ ճիշտ, մեկ իրողություն ևս պետք է հաշվի առնել: Այդ հայտարարությունները հիմնազուրկ են և որևէ առնչություն չունեն նախագահի դիրքորոշման հետ: Եթե տիկին Զուրաբիշվիլին բարի լիներ լսել այդ մարդկանց, նա կհասկանար,որ խնդիրը Արդարադատության նախարարության դիրքորոշման մեջ է», - նշել է Բաքրաձեն` հատուկ հիշեցնելով, որ ջավախահայերի քաղաքացիության խնդիրը ողջ սրությամբ ի հայտ եկավ հենց «Վրացական երազանքի» իշխանության տարիներին:
Բաքրաձեն, ի դեպ, այս հարցում իրավացի է մասամբ: Երկքաղաքացիությունը բացառող դրույթը Վրաստանի հիմնական օրենքի տեքստում տեղ գտավ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության վերջին տարիներին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Դրա հետևանքով, սակայն, թե՛ վրացական և թե՛ հայկական կամ ռուսական անձնագիր ունեցող ջավախահայերը ծանր ընտրության առաջ կանգնեցին արդեն «Վրացական երազանքի» իշխանության տարիներին` 2012 թվականից հետո: Պաշտոնական տվյալների համաձայն 2012-2018 թվականներին սահմանադրական փոփոխությունների հետևանքով Վրաստանի քաղաքացիությունից շուրջ 30 հազար մարդ է հրաժարվել: Նրանց 80 տոկոսը ազգությամբ հայեր էին:
Այժմ արդեն հայերից շատերը ցանկանում են վերադարձնել վրացական քաղաքացիությունը: Երեկ նրանց նման կոչով է դիմել նաև Սալոմե Զուրաբիշվիլին:
«Երկքաղաքացիությունն այլևս արգելված չէ, ուստի այսօրվանից կարող եք դիմում ներկայացնել քաղաքացիության վերականգնման վերաբերյալ: Ուղղակի պետք է տարրական վրացերենի և երկրի պատմության վերաբերյալ գիտելիքների տիրապետել», - հայտարարել է նախագահի թեկնածուն:
Ի դեպ, Ջավախք կատարած այցի ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլիի բոլոր ելույթները թարգմանվում էին հայերեն: