Մատչելիության հղումներ

Հրազդանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև Սասուն Միքայելյանի որդին


Այսօր լրացավ Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուների գրացման վերջնաժամկետը: Քաղաքապետի աթոռի համար պայքարողները 3-ն են՝ 2-ն անկուսակցական, իսկ 3-րդը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, ում, սակայն, կուսակցությունը չի սատարում։

Կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարել է․ - «Հրազդանի ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը: Թույլ տվեք նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու»։

Սևակ Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի («Ելք») որդին է։

Պատգամավորի խոսքով՝ իր որդուն չսատարելու որոշումն իր համար անակնկալ չի եղել, անգամ ինքն էլ կողմ է եղել, որ ՔՊ-ն չպաշտպանի իր որդու թեկնածությունը․ - «Որպեսզի արդար ընտրություններ գնա: Իմ համար ավելի գերադասելի է թավշյա հեղափոխության, էս ժողովրդի ոգևորությունը, քան թե ինչ-որ անձանց, կամ ինչ-որ մեկի, կամ Սասուն Միքայելյանի․․․ Ես ամբողջ կյանքս նեղսրտած չեմ եղել՝ որտեղ էլ եղել եմ»:

Բացի այդ, ըստ Միքայելյանի, այս պարագայում բոլոր թեկնածուները հավասար պայքարում կլինեն և ավելորդ շահարկումներ չեն լինի․ - «Առավել շահեկան վիճակ ա, որ մեր կուսակցությունը չի պաշտպանում: Այսինքն, հնարավորություն ա տվել, որ մարդիկ նման ձևի շահարկումներ չանեն, պարզ, արդար ընտրություններ գնան: Կհաղթի՞ իմ տղան՝ կհաղթի․․․ Որ իմ տղան է, ոչ մի բան պիտի չանի՞»:

Միքայելյանի 25-ամյա որդուց բացի, քաղաքապետի աթոռի համար կպայքարեն Լևոն Ստեփանյանը և Դավիթ Քոչարյանը։

Այսօր Հրազդանում միայն Լևոն Ստեփանյանի հետ հաջողվեց զրուցել։ 24-ամյա Ստեփանյանն ասում է, որ սկսած «Էլեկտրիկ Երևանից» մասնակցել է Հայաստանի բոլոր բողոքի հավաքներին, այս տարի՝ նաև թավշյա հեղափոխությանը, և գուցե դա է պատճառը, որ ՔՊ-ի որոշ անդամները Ֆեյսբուքում գրառումներ են արել, որ Հրազդանի ընտրություններում իրեն են սատարելու․ - «Մարդիկ տեսնում են ինձ որպես քաղաքապետ, հետևաբար գրառումները կատարում են՝ տեսնելով, որ ես եմ իրենց թեկնածուն»:

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՔՊ-ն ոչ պաշտոնապես սատարի Սևակ Միաքայելյանին, Լևոն Ստեփանյանն արձագանքեց․ - «Չեմ կարծում: Եթե ներքին նման պայմանավորվածություն լիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ արդեն չէին հայտարարի, որ իրենց թեկնածուն Լևոն Ստեփանյանն է»:

Կոտայքի մարզկենտրոնում քարոզարշավը կմեկնարկի մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 9-ին:

Մինչ այդ քաղաքի բնակիչներից շատերը խոստովանում են, որ 3 թեկնածուներից ոչ մեկին չեն ճանաչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG