Մատչելիության հղումներ

«Ազնավուրը մեզ լքեց, բայց ինչ թողել է՝ հավերժ է»


Հայաստան, Երևան - Շառլ Ազնավուրի աստղը նրա անվան հրապարակում հոկտեմբերի 1-ի երեկոյան
Հայաստան, Երևան - Շառլ Ազնավուրի աստղը նրա անվան հրապարակում հոկտեմբերի 1-ի երեկոյան

Շանսոնյեի մահը սգում են աշխարհի տարբեր անկյուններում:

Շառլ Ազնավուր՝ Ֆրանսիայի պոետը, աշխարհի երգիչը, Հայաստանի սերը: Նա բեմ էր բարձրանում բուռն ծափողջյունների ուղեկցությամբ, որոնց քչերն են արժանացել: Սև կոստյումով փոքրամարմին արտիստը ոտքի էր հանում բոլորին՝ ստիպելով իր հետ երգել, պարել, ծափահարել, հուզվել, արտասվել, իսկ համերգի ավարտին հանդիսատեսին էր նվիրում պիջակը, որը հագնում էր գույնզգույն ծաղկազարդ տաբատաձիգների վրայից:

Հարյուրավոր երգերի հեղինակը, տասնյակ ֆիլմերում նկարահանված դերասանը, բազմաթիվ ձայնասկավառակների հեղինակը, համաշխարհային աստղ, ով աշխարհին է նվիրել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են «Լա Բոհեմ»-ը, «Մամա»-ն, «Ավե Մարիա»-ն: Նրա ռոմանտիկ բալլադները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Ազնավուրի ստեղծագործությունները կատարել են Էդիտ Պիաֆը, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը, Ֆրենկ Սինատրան: Նրան անվանում են 20-րդ դարի էստրադային ամենահայտնի երգիչ, ով իր ոչ յուրահատուկ արտաքինով, ոչ հզոր ձայնով գրկում էր ողջ աշխարհն ու հմայում միլիոնավոր մարդկանց:

Շանսոնյեի մահը սգում են աշխարհի տարբեր անկյուններում՝ Փարիզից մինչև Հոլիվուդ, Կրեմլից մինչև Եվրոպական միության կենտրոն Բրյուսել: Այսօր միջազգային լրատվամիջոցների գլխագրերը նվիրված են Ազնավուրին:

«Շառլը ֆրանսիական երաժշտության միակ լույսն էր», - այսպես է հիշել ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Ազնավուրին: «Սիրտս կոտրված է: Ես ցնցված եմ: Ես սիրում եմ այդ մարդուն: Նրան շատ վաղուց եմ ճանաչում: Մենք սկսել ենք գրեթե միասին», - գրել է ֆրանսիացի կինոաստղը:

«Ազնավուրը ֆրանսիական մշակույթի մարմնացում էր և համաշխարհային աստղ: Ինձ բախտ է վիճակվել երգել նրա հետ», - ասել է բրիտանացի երաժիշտ Սթինգը: «Նա մեզ լքեց, բայց ինչ թողել է՝ հավերժ է», - նաև ասել է բրիտանացի երաժիշտը:

«Հանգչիր խաղաղությամբ, իմ սիրելի ընկեր Շառլ Ազնավուր», - կարդում ենք իսպանացի երաժիշտ Խուլիո Իգլեսիասի թվիթերյան էջում:

«Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս պարոն Շառլին, ով լինելով հայ ժողովրդի որդին՝ դարձել էր ֆրանսերեն սիրային երգերի ամենահայտնի «դեսպանը»: Որպես մեծ Արտիստ՝ բեմը նրա տունն էր մինչև վերջին պահը», - գրել է կանադացի երգչուհի Սելին Դիոնը:

«Շառլը իմ սերն էր, իմ ընկերը, ես միշտ կարոտելու եմ նրան», - գրել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելին:

«Պետք չէ արտասվել Ազնավուրի մահվան համար, նա չէր ցանկանա դա», - գրում է ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները, ով հիշում է Ազնավուրի հետ իր մեծ հարցազրույցը անցյալ տարի Մոսկվայում:

«Նա ոչ միայն լեգենդար, աշխարհահռչակ արտիստ էր, այլ նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամը: Մենք հատկապես հիշում ենք, թե ինչպես նա միավորեց միջազգային ջանքերը 1988 թվականին Հայաստանը ցնցած աղետալի երկրաշարժից հետո», - հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլը: Նրա ցավակցական ուղերձում նաև ասվում է․ - «Ազնավուրը մշտապես եղել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մեծ ընկերը, մեր կազմակերպության մարդասիրական արժեքների պաշտպանը, կարևորել է մշակութային բազմազանությունն ու երիտասարդների շրջանում կրթությունը»:

Ազնավուրի մահվան կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրամիության ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: «Եվրոպան կորցրեց իր ամենագեղեցիկ ձայներից մեկը: Ազնավուրը եղել է մի ամբողջ սերնդի ոգեշնչման աղբյուր՝ մարմնավորելով Ֆրանսիայի գեղեցիկ պատկերը», - ասվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությունում:

Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ռուսաստանի կառավարության ղեկավարը: «Նա ամբողջ աշխարհի համար ֆրանսիական և հայկական մշակույթի հոգին էր և ձայնը», - գրել է Դմիտրի Մեդվեդևը՝ ավելացնելով, որ Ազնավուրի համերգները Ռուսաստանում մշտապես տեղի են ունեցել լեփ-լեցուն դահլիճներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG