Մատչելիության հղումներ

Ֆրանսիան սգում է Ազնավուրի մահը


Շառլ Ազնավուրը համերգի ժամանակ, մարտ, 2018թ․

Փարիզում երեկ երեկոյան Էյֆելյան աշտարակը, լուսավառված գորշ գույներով, սգում էր Շառլ Ազնավուրի մահը:

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրին՝ նշելով, թե նրա գլուխգործոցները, ձայնը, նրա անկրկնելի ճառագայթումը կապրեն երկար:

«Խորապես ֆրանսիացի և նույնքան խորապես կապված իր հայկական արմատներին, գնահատված ողջ աշխարհում՝ Շառլ Ազնավուրը ուղեկցել է երեք սերունդների ուրախությունն ու վիշտը», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը հայտնել է, որ հրավիրել էր Ազնավուրին մեկնելու իր հետ Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ նա պետք է երգեր:

Թեև կարելի էր սպասել, բայց դժվար էր պատկերացնել այն հսկայական հուզումը, որը արտահայտվում է Ֆրանսիայում երգչի մահվան լուրը լսելուց հետո:

Երեկ հեռուստակայանների բոլոր հաղորդումները, ժամեր շարունակ, նվիրված էին Շառլ Ազնավուրին՝ «Հսկայի մահը» վերնագրով:

Այսօր շարունակվում է հարգանքի տուրքը աշխարհահռչակ երգչին մամուլում՝ Figaro, Liberation, La Croix, Le Parisien, Aujourd'hui օրաթերթերը իրենց առաջին էջերին են տեղադրել շանսոնյեի լուսանկարը և վերնագրել են Ազնավուրի երգերի խոսքերով` "Formi-Formidable", "Hier Encore", "Une Vie Formidable", այսինքն` «Արտակարգ մի կյանք», կամ էլ` «Մի դար, մի ճակատագիր»:

Բոլոր օրաթերթերը, բացի Ազնավուրի հանճարի մասին խոսելուց, անդրադառնում են նրա հայկական ծագմանը, Ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ լինելուն, նրա հավատարմությանը Հայաստանին, ինչպես նաև իրեն ապաստան տված երկրին՝ Ֆրանսիային:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ առաջարկելու է մայրաքաղաքի վայրերից մեկը անվանակոչել Շառլ Ազնավուրի անունով՝ հարգանք մատուցելու համար:

Ազգային ժողովի պատգամավորները, իրենց կողմից, կոչ են արել մշակույթի նախարար Ֆրանսուազ Նիսենին Շառլ Ազնավուրի հիշատակի մեծարմանը տալ ազգային բնույթ: «Շառլ Ազնավուրը, ով ֆրանսիական մշակույթի մեր ազգային հուշակոթողն է, արժանի է նման մեծարման», - նշել է քաղաքական մեծամասնության մի պատգամավոր:

Խորհրդարանականները երեկ ծափահարություններով են ողջունել Ազգային ժողովի նախագահի ելույթը, երբ վերջինս ոգեկոչել է Ազնավուրի հիշատակը՝ իբրև մի մարդու, որը մարմնավորում էր պատկանելությունը բազմաթիվ մշակույթների:

«Հավատարիմ Ֆրանսիայի լեզվին ու ոգուն և նրա ըմբոստ բնավորությանը», - գրում է Figaro-ն՝ նշելով, թե փոքրիկ Վաղինակ Ազնավուրյանը մտել է Ֆրանսիայի պատմության մեջ, և նրա մահը հարվածում է Ֆրանսիայի սրտին:

Armenews կայքը հայտնում է, որ այսօր առավոտյան կատարվել է Շառլ Ազնավուրի դիահերձումը, և հաստատվել է երգչի մահվան բնական բնույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG