Այն ծագել է «Իբերիա» հեռուստաընկերության և ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Օմեգա» ընկերության սեփականատեր Զազա Օքուաշվիլիի թեթև ձեռքով: Այժմ Լոնդոնում գտնվող գործարարը պնդում է, որ Բիձինա Իվանիշվիլին, մերձավոր շրջապատի հետ միասին, իրենից 4 միլիոն լարի` շուրջ մեկուկես միլիոն դոլար է շորթել: Գործարարը պնդում է, որ երկրի ամենաազդեցիկ օլիգարխն ու քաղաքական գործիչը այդ գումարը պահանջել է նախորդ տարիներին «Օմեգայի» կողմից չմուծված հարկերը չեղարկելու համար:
Ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը վերջին մի քանի օրերին մի շարք գաղտնալսումներ է հրապարակել, որոնցում որոշ նախկին բարձաստիճան պաշտոնյաների անուններ են շոշափվում: Հեռուստաընկերությունը նաև մի տեսագրություն է ցուցադրել` պնդելով, որ դրանում պատկերված է սպորտի հարցերով նախկին նախարար Լևան Կիպիանին այն պահին, երբ TBC բանկի մասնաճյուղերից մեկից կարմիր պայուսակով դուրս է բերում Օքուաշվիլիից շորթված գումարը:
«Օմեգա» ընկերության ղեկավարը պնդում է, որ այս ողջ գործընթացում «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլին անմիջական մասնակցություն է ունեցել․ - «Մենք հանդիպել ենք, և այդ հանդիպման ժամանակ Իվանիշվիլին ինձ հստակորեն նշել է այն գումարը, որ ես պետք է վճարեմ հարկային մարմինների հետ խնդիրներ չունենալու համար»:
Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի խոսքով, Օքուաշվիլի - Իվանիշվիլի հանդիպում ժամանակին իրոք կայացել է, սակայն դրա բովանդակությունը գործարարը «նենգափոխում է»․ - «Նման հանդիպում իրոք տեղի է ունեցել: Ես այն ժամանակ զբաղեցնում էի բիզնես օմբուդսմենի պաշտոնը, և այդ հանդիպման նպատակը տեղական արտադրողներին աջակցություն ցուցաբերելն էր: Եթե պարոն Օքուաշվիլին ցանկանում է, ես բոլոր հարցերին կպատասխանեմ` Լոնդոնում, Թբիլիսիում, նույնիսկ Բոմբեյում: Բայց մեկ բան հստակ է` բյուջեի առջև կուտակած իր պարտքը պարոն Օքուաշվիլին ստիպված է լինելու վճարել մինչև վերջին կոպեկը»:
Ծագած սկանդալի ֆոնին, մի քանի ամիս տևած լռությունը խախտեց նաև իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Երեկ երեկոյան նա մասնակցում էր «Վրացական երազանքի» կենտրոնակայանում կազմակերպված հավաքին, որը նվիրված էր կուսակցության իշխանության գալու վեցերորդ տարեդարձին:
«Այսօր հոկտեմբերի 1-ն է: Վեց տարի առաջ մեր քաղաքական ուժը դժվարին հաղթանակ տարավ [ընտրություններում]: 2012 թվականից ի վեր մենք հետևողականորեն փոխում ենք նախորդ իշխանության ամենաանճոռնի դրսևորումները, երկիրը զարգանում է: Չնայած դրան, այն ուժերը, որոնք շատ վատ էին կառավարում մեր երկիրը, այսօր էլ կեղտոտ մեթոդներ են կիրառում, կրկին փորձում են մեր հանրության ստիպել, որպեսզի այն վիրտուալ մի աշխարհում ապրի», - հայտարարել է Իվանիշվիլին:
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ ծագած սկանդալն աննախադեպ է և կարող է հիմք հանդիսանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:
«Սա իշխանություն չէ, սա Կոզա Նոստրայի օրինակով գործող մաֆիոզ խմբավորում է, որն անողոքաբար ճնշում է թե՛ շարքային քաղաքացիներին և թե՛ գործարարներին», - նշում է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավարներից Զաալ Ուդումաշվիլին:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար անդամներից Սերգո Ռատիանին նշում է, որ հրապարակված գաղտնալսումները գալիս են հաստատելու վրաց հանրության շրջանում տարիներ շարունակ առկա կասկածները․ - «Վերջին տարիներին պարզ դարձավ, որ երկրում համատարած կոռուպցիա է տիրում և այն ուղղակի առնչություն ունի Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի հետ: Կոռուպցիան ներթափանցել է պետական համակարգ և կազմալուծում է պետությունը: Մենք պետք է շուտափույթ կերպով ազատվենք այս կառավարությունից»:
Վերջում հավելեմ, որ առաջիկա օրերին Իվանիշվիլիի և նրա թիմակիցների շուրջ ծագած սկադնալը կարող է նոր թափ հավաքել: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը պնդում է, որ իր տրամադրության տակ են հայտնվել ձայնագրություններ, որոնք վկայում են, որ Իվանիշվիլիի եղբայրը ևս ներգրավված էր «Օմեգա» ընկերության սեփականատիրոջ նկատմամբ կիրառվող ճնշումներին: Ալեքսանդրե Իվանիշվիլին, ըստ «Ռուսթավի 2»-ի, այդ գաղտնալսումներում առաջարկում է իրեն մասնաբաժին տրամադրել արտասահմանյան շքեղ մեքենաների ներկրման բիզնեսում: