«Միանշանակ մեծ ցավ է մեզ համար, բայց միևնույն ժամանակ մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր կարողություններով», - այսօր «Ազնավուր»-ի կենտրոնում` լրագրողների հետ զրույցում, ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Բաբլոյանը նշեց, որ Ազնավուրն իր երաժշտությամբ բերեց հանդարտություն, համերաշխություն, բերեց սեր ու բարեկամություն հայ-ֆրանսիական ժողովուրդներին, երկու երկրներին, երկու պետություններին և ամբողջ աշխարհին։
«Ես Շառլի հետ կապնված եմ եղել և ինչպես քաղաքացի՝ աշխարհի մի մարդ, որը որ հարգում, սիրում է շանսոնյեին, միևնույն ժամանակ որպես մի մարդ, ով առնչվել և ընկերություն է արել, բարեկամություն է արել, համագործակցել է և ծրագրեր է իրականացրել», - ասաց Բաբլոյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ շանսոնյեի հետ ընկերություն է արել շուրջ 30 տարի՝ ճիշտ 1988-ի երկրաշարժից հետո։
«Տարիների ընթացքում և՛ փոխվում էր, և՛ չէր փոխվում։ Չէր փոխվում որովհետև ինքը Շառլն էր՝ Ազնավուրը, փոխվում էր, որովհետև, իհարկե, մեծանում էր, ծերանում էր, բայց երբեք իրեն ծեր չէր զգում, միշտ երիտասարդ էր», - ասաց Բաբլոյանը։
Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94-տարեկան հասակում։ «Ազնավուր»-ի կենտրոնում այսօր բացվել է Սգո մատյան։ ԱԺ նախագահը գրառում կատարեց մատյանում։