Ադրբեջանի խորհրդարանում աշնանային նստաշրջանը մեկնարկել է սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողությունն էլ ավելի խստացնելու կոչերով:
Մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ արձակուրդից վերադարձել են արդեն պատրաստի առաջարկներով։ Եթե այդ առաջարկներն օրենք դառնան, առանց այդ էլ մասամբ ազատ ադրբեջանական համացանցը կդառնա լիովին վերահսկելի, հայտնում է «Թուրան» գործակալությունը։
«Ադրբեջանում սոցիալական ցանցերի գործունեությունը պետք է օրենքով վերահսկվի», - հայտարարել է պատգամավոր Հիքմեթ Մամեդովը՝ պնդելով, թե դա է պահանջում երկրի անվտանգության շահը: Մամեդովին զայրացրել է ադրբեջանական համացանցում տեղ գտած բռնություն քարոզող նյութերը:
Պատգամավոր Զահիդ Օրուջն ավելի հրատապ օրինակներ է բերել՝ կոչ անելով հակազդել նրանց, ովքեր հակաադրբեջանական գործունեություն են ծավալում սոցիալական ցանցերում:
Նրա կարծիքով՝ երկրի պետական կառույցները պետք է լծվեն քարոզչական գործին՝ այդ նպատակով բացելով իրենց էջերն ամենաառաջատար սոցիալական ցանցերում՝ հատկապես մեկ միլիարդ բաժանորդ ունեցող «Յություբ»-ում, որը, պատգամավորի խոսքով, սպանել է ադրբեջանական ավանդական մեդիան՝ հեռուստատեսությունը:
Ըստ «Թուրան»-ի, Զահիդ Օրուջն այդ համատեքստում առաջարկում է վերանայել հակաահաբեկչական օրենսդրությունը, մասնավորապես, ահաբեկչությանը հավասարեցնել այն անձանց գործունեությունը, որոնք արտասահմանից «թույն են թափում Ադրբեջանի վրա»:
Ադրբեջանում համացանցը վերահսկելու կոչեր առաջին անգամ չեն հնչում, և իշխանություններն արդեն իսկ որոշ կոշտ քայլեր արել են՝ ընդունելով սոցիալական ցանցերի և բլոգերների գործունեությունը վերահսկող օրենսդրությունը, որն, ինչպես պնդում են Բաքվի գործընկեր եվրոպական կառույցները, խախտում է Ադրբեջանի կողմից 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելու նախաշեմին Ադրբեջանի կողմից վավերացված Կամարտահայտման ազատության մասին կոնվենցիան:
Այդ օրենքի օգնությամբ, մինչդեռ, Ալիևի վարչակազմը երկրում արգելափակել է կառավարությանը չենթարկվող մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, Բեռլինում տեղակայված «Մեյդան TV»-ին:
Ադրբեջանի Միլի մեջլիսն ընդունել է նաև մեկ այլ աղմկահարույց օրինագիծ, որի համաձայն, սոցիալական ցանցերում երկրի նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է մինչև դրամական խոշոր տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ, կամ մինչև երեք տարվա ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է սահմանվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով:
«Թուրան» գործակալությունը նշում է, որ Ալիևի վարչակազմն այժմ էլ փորձում է ոչ միայն հայտնաբերել սոցիալական ցանցերում իշխանություններին հայհոյողներին, այլ նաև պատժել նրանց, եթե նույնիսկ նրանք գտնվում են Ադրբեջանից դուրս՝ առնվազն արգելափակել նրանց մուտքը ադրբեջանական համացանց: