Իրենց տարեց չեն համարում, սակայն նաև ասում են՝ տարիքով լինելն էլ իր դրական կողմերն ունի։ Զգում ես այն, ինչ երիտասարդ տարիքում չես կարող.
«Մարդը, երբ մեծանում է, շատ բաներից է զրկվում, բայց որոշ բաներ կան, որ ավելի զարգանում են, ավելի մեծ տեղ են գտնում մարդու մեջ։ Օրինակ՝ սիրո զգացողությունը, նվիրվածությունը, հոգատարությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննես Վարդանյանը:
Գրեթե մեկ տարի է, ինչ ամուսինները Երևանից տեղափոխվել են Աբովյան։ Ասում են՝ մայրաքաղաքի կենտրոնն աղմկոտ ու անհանգիստ է. եռուզեռին դժվար էին համակերպվում։ Կյանքի ութերորդ տասնամյակը բոլորած Հովհաննես Վարդանյանը Աբովյան քաղաքում 5 տարի սեփական տուն է կառուցել, որտեղ էլ այժմ բնակվում են. -
«Ինձ ասում են՝էս տարիքին տուն ես սարքում․․․ Ես վիրավորվում էի, որ էդպես են ասում։ Նախ ո՞վ է իմանում, թե երբ է լրանալու իր վերջին օրը։ Երկրորդն էլ հենց դու պիտի լավ բան թողնես քո հետևից քո ծերության ժամանակ»:
Հովհաննես Վարդանյանը, ով դեռևս խորհրդային շրջանում հրատարակել է բանաստեղծությունների երեք գիրք, զբաղվում է նաև գեղանկարչությամբ։
Զույգը 53 տարի է, ինչ միասին է ապրում։ Բայց դեռ երկրորդ 53 տարվան են սպասում։
Հարցին, թե ինչի կարիքն ունեն տարեցները Հայաստանում, զույգը միաձայն պատասխանեց՝ հոգատարության. - «Տարեցները ևս մարդիկ են, որոնք ուզում են, որ սիրված լինեն։ Որ մարդիկ լինեն, որ հիշեցնեն ես քեզ սիրում եմ։ Էդ խոսքը ապրեցնող խոսք է»։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018 թվականին 65 և բարձր տարիքի անձանց թիվը Հայաստանում կազմում է 344 հազար 593 մարդ կամ ընդհանուր բնակչության ավելի քան 11 տոկոսը։
80-ամյա Հովհաննես Վարդանյանն ու նրա հասակակից կինը՝ տիկին Լիդան, այսօր առաջին անգամ լսեցին, որ կա Տարեցների միջազգային օր։