Մատչելիության հղումներ

Կատալոնացիները կրկին փողոց են դուրս եկել՝ Իսպանիայից անջատվելու պահանջով


2017 թվականի հոկտեմբերի 1: Հանրաքվեից հետո, արխիվ:
2017 թվականի հոկտեմբերի 1: Հանրաքվեից հետո, արխիվ:

Ուղիղ մեկ տարի առաջ Կատալոնիայում անցկացված և այդպես էլ իրականություն չդարձած անկախության հանրաքվեից հետո այսօր կրկին թեժ ցույցեր են՝ Իսպանիայից անջատվելու պահանջով:

Ժիրոնայում առավոտ վաղ մի քանի ժամով դեպի Փարիզ տանող երկաթգիծն ու արագաընթաց ավտոմայրուղին էին փակել, Բարսելոնայում ուսանողներն էին փողոց դուրս եկել, ցուցարարներից մի քանիսին էլ հաջողվել էր քաղաքապետարանի շենքից իջեցնել Իսպանիայի դրոշն ու կատալոնական էսթելլադան կախել:

Հիմնական իրադարձությունները, սակայն, ծավալվել են անկախության պայքարի խորհրդանիշ դարձած Սան Ժուլյան դե Ռամիս գյուղաքաղաքում, որտեղ մեկ տարի առաջ այս օրը ոստիկանությունը ներխուժել էր դպրոցում տեղակայված ընտրատեղամաս ու խոչընդոտել քվեարկությանը՝ բիրտ ուժ կիրառելով մարդկանց նկատմամբ:

Այսօր այստեղ հանրահավաք էր՝ «Չենք ներելու, չենք մոռանալու» կարգախոսով:

«Ժողովրդավարական քվեարկությունը չի կարող քրեորեն պատժելի լինել, քրեորեն պատժելի են ծեծն ու բռնությունն այն անձանց նկատմամբ, որոնք գնում էին հանրաքվեի», - հայտարարել է երկրամասի առաջնորդը Քիմ Տորրան: - «Հոկտեմբերի 1-ը դարձավ այն օրը, երբ կատալոնացիները միասնական ու ժողովրդավար ճանապարհով ընտրեցին իրենց ինքնիշխանությունը, դա ամենամեծ բանն է, որ կարող է անել ժողովուրդը, որն իրեն ազատ է զգում և ազատություն է ուզում: Որպեսզի դիմակայենք առաջիկա մարտահրավերներին, մենք պետք է նույն՝ հոկտեմբերմեկյան վճռականությունն ու կամքը պահպանենք»:

Այդ օրը ոստիկանական բռնությունների զոհ դարձավ ավելի քան 800 կատալոնացի՝ սկիզբ դնելով քաղաքական մի ճգնաժամի, որ ամենախորն է Իսպանիայում 1975-ից՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության անկումից ու ժողովրդավարության հաստատումից հետո: Տուժածներից մեկը՝ Օրիոլ Կոստան սարսափով է հիշում կատարվածը. այդ օրը, երբ աջուձախ ոստիկանական մահակների հարվածներ էին, իր ուսերին նստած էր չորսամյա որդին․ - «Դա առանձնահոտւկ օր էր, մենք ողջ գիշերն էինք ընտրատեղամասում անցկացրել, շատ հուզված էինք, ողջ քաղաքով նախաճաշ, տաք շոկոլադ էին բաժանում, մենք վախենում էինք, որ ինչ-որ բան կարող է պատահել, քանի որ գիտեինք, որ իսպանական ոստիկանությունը քվեատուփեր է փնտրում, սակայն, երբեք չէինք կարող պատկերացնել, որ կարող է տեղի ունենալ այն, ինչ եղավ»:

Բռնություններով ուղեկցված հանրաքվեից հետո Մադրիդը ցրեց Կատալոնիայի խորհրդարանը և ուղիղ կառավարում մտցրեց երկրամասում: Այսօր՝ մեկ տարի անց, անջատական առաջնորդներից իննը ճաղերի հետևում են, նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը՝ չորս խորհրդականների հետ միասին, վտարանդի է, հասարակությունը՝ պառակտված:

Թեև անցած տարեվերջին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում ազգայնականները կրկին մեծամասնություն ստացան, սակայն, նրանց շարքերում հիմա տարաձայնություններ կան պայքարի մեթոդների վերաբերյալ: Մի մասը պնդում է, թե անհրաժեշտ է անկախությանը հասնել կենտրոնական իշխանության հետ բանակցությունների ճանապարհով, մյուս մասը կոչ է անում առավել համարձակ ու հանդուգն քայլերի գնալ:

Անցած մեկ տարում շատ բան է փոխվել նաև Մադրիդում․ հունիսին պահպանողական վարչապետ Մարիանո Ռախոյի հրաժարականից հետո իշխանության են եկել սոցիալիստները, ձևավորվել է նոր կառավարություն, սակայն Կատալոնիայի հարցում կոշտ դիրքորոշումը մնացել է անփոփոխ:

Այսօր կառավարության խոսնակ Իսաբել Սելաան հայտարարել է, որ անցած տարվա հանրաքվեն ապօրինի էր, չէր կարող որևէ օրինական հետևանք ունենալ:

Մերժելով Կատալոնիայի անկախության ճանաչումը՝ Իսպանիայի կառավարությունը միաժամանակ ընդունել է, որ նախորդ իշխանությունները սխալ են գործել՝ հրահանգելով ոստիկանությունը բռնի ուժ կիրառել՝ թույլ չտալու ընտրողների մուտքը ընտրատեղամաս:

Առայժմ անջատական երկրամասի և կենտրոնական իշխանությունների բանակցությունները միայն տնտեսական հարցերի շուրջ են ընթանում, որոնք, միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում:

Անցած տարվա ընթացքում ավելի քան երեք հազար ընկերություն իր կենտրոնակայանը Կատալոնիայից դուրս բերեց, դրանց մեծ մասը մինչև օրս չի վերադարձել՝ լուրջ հարված հասցնելով Իսպանիայի երբեմնի ամենահարուստ ու բարեկեցիկ երկրամասին: Չնայած առկա և հնարավոր տնտեսական դժվարություններին՝ սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ այսօր կալատոնացիների 46,7 տոկոսը անկախության կողմնակից է: Ընդ որում, այս ցուցանիշը մնում է գրեթե անփոփոխ արդեն շուրջ հինգ տարի՝ փաստելով, որ անջատական երկրամասը պայքարից մոտ ապագայում հրաժարվելու միտք չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG