Վաշինգտոնը, Օտտավան և Մեխիկոն շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել ազատ առևտրի գոտու վերաբերյալ նոր պայմանագրի ստորագրման շուրջ: Այս մասին անցած գիշեր հայտարարել են Կանադայի արտաքին գործերի նախարար Հրիսթի Ֆրիդլանդը և ԱՄՆ առևտրի հարցերով ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:
«Միացյալ Նահանգներ-Մեքսիկա-Կանադա» (USMCA) կոչվող այս նոր համաձայնագիրը փոխարինելու է 1992 թվականին կնքված «Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի մասին համաձայնագրին» (NAFTA), որն արժանացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությանը:
Նոր համաձայնագրով ամերիկացի ֆերմերները հնարավորություն կստանան իրենց արտադրած կաթնամթերքը արտահանել կանադական շուկա: Բացի այդ, կողմերը համաձայնել են, որ երեք պետությունների տնտեսվարողների միջև ծագող վեճերը պետք է հանգուցալուծվեն հատուկ արբիտրաժային դատարանում: Բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը կտրականապես դեմ էր հանդես գալիս դատական նման ատյանի գոյությանը: