Մատչելիության հղումներ

ՀԱԿ փոխնախագահ․ ԱԺ լուծարման ավելի արդյունավետ տարբերակը գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգն է


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովի լուծարման ճանապարհն ավելի ժամանակատար է, համոզված է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Նաև շատ ավելի երկար գործընթաց է, որովհետև Սահմանադրության փոփոխությունները պետք է նախապատրաստվեն, բերվեն պառլամենտ, քննարկվեն: Հնարավոր է Վենետիկի հանձնաժողովի հետ կապված խնդիրներ լինեն, որ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն արտահայտի դրա վերաբերյալ», - ասաց նախկին պատգամավորը:

Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խորհրդարանի լուծարման համեմատաբար արդյունավետ տարբերակը գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգն է: ՀԱԿ ներկայացուցչի համոզմամբ՝ այդ դեպքում այսպես կոչված հակահեղափոխությունը տեսականորեն ունի թեկնածու առաջադրելու և Փաշինյանի ընտրվելուն խոչընդոտներ ստեղծելու հնարավարություն, բայց դա, ըստ Զուրաբյանի, քիչ հավանական է:

Գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, ապա երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովը լուծարվելու է: Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ այդ դեպքում այլ թեկնածուի առաջադրման ռիսկ կա, իսկ առանց վարչապետի հրաժարականի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ գործող Սահմանադրությունում փոփոխություններ անցկացվեն՝ Ազգային ժողովը առանց վարչապետի հրաժարականի լուծարելու համար:

«Քանի որ ժամանակը հիմա շատ կարևոր դեր է խաղում, արդյունավետ է առաջին տարբերակը», - նշում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ կառավարությունում աշխատանքները սկսվել են, թե ինչ փուլում են՝ դեռևս չեն մանրամասնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG