Մատչելիության հղումներ

Տեսչական մարմին․ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում ստուգման արդյունքներով՝ շրջակա միջավայրին 380 մլն դրամի վնաս է հասցվել


Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումները, սեպտեմբեր, 2018թ․
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումները, սեպտեմբեր, 2018թ․

«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է ընկերությանը: Այդ մասին հաղորդում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

«Ստուգման արդյունքների հիման վրա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջից զատ պարտավոր է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական տալ ընկերությանը։ Նախատեսվում էր պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու նպատակով, սակայն ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում պարզվեց, որ դրանց կատարումն այս պահին անիրատեսական է», - ասված է հաղորդագրությունում:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ տեսչական մարմինն ընկերությանն առաջարկել է Ալավերդի քաղաքում կազմակերպել հանրային քննարկում և իրականության մասին ամբողջ ճշմարտությունը ներկայացնել բնակչությանը: Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները: «Քննարկման արդյունքները կնպաստեն, որպեսզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հստակեցնի ստուգման արդյունքներով ներկայացվելիք հանձնարարականի շեշտադրումները: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախատեսում է հետագայում ևս վարչարարության և որոշումների ընդունման գործընթացում ապահովել հանրային գործուն մասնակցություն, ինչը կարող է հանդիսանալ ուղիղ ժողովրդավարության պրակտիկ դրսևորում», - նշված է հաղորդագրությունում:

Հանրային քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG