Մատչելիության հղումներ

ՀՀԿ նիստում «ինչ-որ չափով» քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը. Գալուստ Սահակյան


Հանրապետական կուսակցությունն այսօր երեկոյան հրավիրած Գործադիր մարմնի նիստում քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, սակայն վերջնական որոշում չի ընդունվել:

Նիստից հետո Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինչ-որ չափով քննարկում եղել է, բայց հայտնեց միայն իր անձնական դիրքորոշումը Ազգային ժողովի ինքնալուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

«Ինչ-որ չափով խոսակցություններ եղավ, բայց որևէ որոշում, որ հիմա ես պիտի հաղորդեմ՝ չկա», - նշեց Սահակյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը չժխտեց, որ կուսակցությունը պատրաստ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով բանակցություններ սկսել:

Վարչապետ Փաշինյանը նախօրեին Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ Երևան վերադառնալուն պես խորհրդարանական ուժերի հետ բանակցություններ է սկսելու արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:

«Թե բանակցությունների խնդիր լինի, մենք մարդիկ կառանձնացնենք, որոնք կբանակցեն: Քննարկելու խնդիր կա այդտեղ, ես չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունն ամեն դեպքում պետք է գնա այն ճանապարհով, ինչն ուզում է կառավարությունը», - նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անկախ Հանրապետական կուսակցության վարկանիշից՝ Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ ընտրություններին:

«Արտահերթ ընտրությունների ժամանակ, բնականաբար, կմասնակցենք։ Եթե նույնիսկ մեր կուսակցությունը չհաղթահարի անցողիկ շեմը, մեր կուսակցությունը կմնա ամենաարժանապատիվ և միակ կուսակցությունը մեր քաղաքական դաշտում։ Մենք որևէ մեկին դեմ չենք, մենք ընդամենն ասում ենք՝ եթե կլինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք և ինչքան ձայն կունենանք, այդ ձայներով կպայքարենք», - ասաց Սահակյանը։

«Եթե Քոչարյանն այնպիսի խնդիրներ առաջարկի, որը ՀՀԿ-ի ծրագրերին մոտ է, այդ ժամանակ հնարավոր է որևէ փոխհարաբերություն»

Իսկ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը Ազգային ժողովի նախկին նախագահը հնարավոր համարեց միայն ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի համընկնելու դեպքում:

«Ես չեմ կարծում, որ նման հարց հիմա պետք է քննարկվի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը պետք է մտնի ակտիվ քաղաքականության մեջ, եթե նա այնպիսի խնդիրներ կառաջարկի, որը մեր ծրագրերին մոտ է, այդ ժամանակ հնարավոր է որևէ փոխհարաբերություն», - ասաց Սահակյանը։

«Քաղաքային ընտրություններում խոսք չգնաց պետության համար ամենակարևորագույն գործոնի՝ Ղարաբաղի վերաբերյալ»

Խորհրդարանի հանրապետական նախկին նախագահը չշրջանցեց Երևանի ավագանու ընտրություններում գործող կառավարության թեկնածուի հաղթանակը: Նա ասաց՝ չի զարմացել, որ «Իմ քայլը» դաշինքն արժանացել է ընտրողների 82 տոկոսի վստահության քվեին, դժգոհեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ գործող իշխանությանը չշոշափեց կարևորագույն քաղաքական հարցեր:

«Քաղաքապետարանի ընտրություններին մեկ խոսք չասվեց Ղարաբաղի մասին, չասվեց, որ Երևանի քաղաքապետն ամեն տարի մի քանի անգամ օգնել է Ղարաբաղին, չասվեց, որ Ղարաբաղ գնացող զինվորների ծնողներին մի քանի անգամ տարին տարել է Ղարաբաղ։ Ամբողջ քաղաքային ընտրություններում խոսք չգնաց մեր պետության համար ամենակարևորագույն գործոնի վերաբերյալ», - ասաց Սահակյանը։

Ուշագրավ է, որ այս անգամ Գործադիր մարմնի նիստին չհաջորդեց ավանդական ճեպազրույցը: ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Մեկ այլ ՀՀԿ-ական՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ևս խուսափեց կարծիք հայտնել Ազգային ժողովի լուծարման, արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG