Մատչելիության հղումներ

Հայաստանի սահմանը խախտած Թուրքիայի անչափահաս քաղաքացու դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է․ ԱԱԾ


Հայ-թուրքական սահմանի տեղամասերից մեկը, արխիվ

Վարույթն իրականացնող մարմինը սեպտեմբերի 25-ին որոշում է կայացրել Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի անչափահաս քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այս մասին հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): Ըստ հաղորդագրության, որոշումը կայացվել է՝ առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և հաշվի առնելով, որ Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը անչափահաս է, տվել է ճշմարտացի տեղեկություններ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքների վերաբերյալ ու անկեղծորեն զղջացել է կատարվածի համար:

Կալանավորումը վերացվել է, և Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենին հնարավորություն է տրվել սահմանված կարգով մեկնել Հայաստանից՝ փոխանցում է ԱԱԾ-ն:

Թուրքիայի անչափահաս քաղաքացին, հաղորդագրության համաձայն, ցուցմունքներում նշել է, թե մշտապես ցանկություն է ունեցել գալ Հայաստան և համեմատել իր հայրենի Կարս նահանգի հետ, և համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով դիմել է սահմանը ապօրինի հատելու քայլին:

Ձեռք բերված տվյալների համաձայն` 16-ամյա Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին առանց պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի պահպանվող պետական սահմանը, ինչից անմիջապես հետո «Մեղրաշատ» սահմանապահ ուղեկալի մոտակայքում` սահմանային ինժեներա-տեխնիկական կառույցի փշալարերը հաղթահարելուց բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից:

Հայաստանի ԱԱԾ-ում գործը հարուցվել էր հաջորդ օրը: Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը», որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստուգվել է Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենի հնարավոր առնչությունը ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպությունների հետ, սակայն կապը հաստատող տվյալներ չեն ստացվել, ընդգծում է ԱԱԾ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG