Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց 2019-ի պետբյուջեի նախագծին


Կառավարության նիստը, Երևան, 27-ը սեպտեմբերի, 2018թ․

Կառավարությունը այսօր հերթական նիստի ժամանակ, որը վարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:

Ըստ այդմ՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:

Օրինագծով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկը 2019 թվականի ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով մի քանի նոր հանգամանքներ: Ըստ նրա՝ առաջինը հարկաբյուջետային կանոններն են, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականություն, որը, մասնավորապես, պետք է ունենա պարտքը կայունացելու միտում: «Տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու որպես կանոն կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար», - ասաց նախարարը: Ըստ Ջանջուղազյանի՝ հաջորդ առանձնահատկությունն այն է, որ 2019-ից այլևս պետական բյուջեն պետք է ունենա ծրագրային ձևաչափով օրենքում ներկայացում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցները, որոնք օգտագործվում են բյուջեի շրջանակում, ըստ էության, մղվում են երկրորդային պլան: «Կարևորվում են արդյունքային ցուցանիշները, այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել այդ արդյունքներին հասնելու համար», - նշել է Ջանջուղազյանը:

Նշվեց նաև, որ ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս:

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով պետբյուջեի նախագծին, ասաց. - «Մենք նախատեսում ենք որոշակի փոփոխություններ, այդ թվում Հարկային, այդ թվում նաև տնտեսության վրա ազդեցություն գործող այլ օրենսդրություն, բարեփոխումներ ենք առաջարկում: Աշխատանքներ են տարվելու նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք հանգեցնելու են ծախսային արդյունավետության: Կարծում եմ՝ դրանք ազդեցություն են ունենալու 2019 թ. բյուջեի վրա, և մենք հընթացս որոշակի փոփոխություններ անելու ենք դեպի է՛լ ավելի լավը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG