Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացնում. Վանեցյան


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ուսումնասիրություն է իրականացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ։ Այդ մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Վանեցյանը։

Սեպտեմբերի սկզբին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ հակադարձելով Քոչարյանի՝ միլիարդներ չունենալու մասին հայտարարությանն, ասաց, որ Հայաստանի երկրորդ նախագահը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց։

ԱԱԾ պետն ասաց՝ փաստերով կխոսի։

«Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները», - ասաց Վանեցյանն ու ցուցադրեց փաստաթղթեր՝ նշելով. - «Շատ-շատ բաներ կան՝ Քոչարյանի ընտանիքին են պատկանում»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG