Մատչելիության հղումներ

Հայտնի իրավապաշտպանը 10 տարի արտերկրում ապրելուց հետո վերադարձել է Ուզբեկստան


Թալիբ Յակուբով, արխիվ
Թալիբ Յակուբով, արխիվ

Ուզբեկստանի նախկին իշխանությունների կոշտ քննադատ և հայտնի իրավապաշտպան Թալիբ Յակուբովը ավելի քան տասը տարի արտասահմանում ապրելուց հետո վերադարձել է հայրենիք:

Ուզբեկստանի Մարդու իրավունքների միության հիմնադիր ղեկավար Յակուբովը երկիրը լքել էր 2007 թվականին՝ կյանքին սպառնացող վտանգի պատճառով:

«Ազատության» ուզբեկական ծառայության հետ զրույցում հայտնի իրավապաշտպան և քաղաքական վտարանդի Յակուբովը, ով 2014 թվականին զրկվել էր Ուզբեկստանի քաղաքացիությունից, հայտնել է, որ օգոստոսին Ֆրանսիայում Ուզբեկստանի դեսպանատունը կապ է հաստատել իր հետ և պատրաստակամություն հայտնել հայրենիք վերադառնալու թույլտվություն տալ: «Ես ինքս շատ զարմացա իմ անձի նկատմամբ նման վերաբերմունքից: Հիմա չեմ վախենում: Երկու տարուց կդառնամ 80 տարեկան, հիվանդ եմ, ի՞նչ վնաս կարող եմ հասցնել Ուզբեկստանին», - «Ազատության» ուզբեկական ծառայության հետ զրույցում կատակել է իրավապաշտպանը:

Յակուբովին հայրենիք վերադառնալու թույլտվություն են տվել Շավքաթ Միրզիյաևի Ֆրանսիա կատարելիք այցի նախաշեմին: Իսլամ Քարիմովի մահից հետո իշխանության ղեկը ստանձնած Միրզիյաևը խոստացել է բարելավել Ուզբեկստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և թուլացնել ուժային կառույցների ազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG