Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում


«Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում», - երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հակամարտության ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար», - շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, հրաժարվի ռազմական լուծման ցանկացած տարբերակից և երկխոսություն սկսի Լեռնային Ղարաբաղի հետ:

Այն, որ Ադրբեջանը չի բանակցում Ղարաբաղի հետ, սակայն անընդհատ պնդում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը, վկայում է, որ Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղի տարածքը առանց ժողովրդի, ինչը, ըստ Հայաստանի վարչապետի, նոր ցեղասպանության սպառնալիք է Ղարաբաղի ժողովրդի համար․ - «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»:

Անգլերենով սկսած և ֆրանսերենով ավարտած իր ելությում Նիկոլ Փաշինյանը մի մեծ հատված նվիրեց Հայաստանում գարնանը տեղի ունեցած թավյա խաղաղ հեղափոխությանը՝ բարձր ամբիոնում ներկայացնելով, իր բնորոշմամբ ավտորիտար համակարգի նկատմամբ տարած հաղթանակը․ - «Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի և աննախադեպ հեղափոխություն՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների»:

Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանի համար այժմ կարևոր է ազատ ու արդար, ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Գործող խորհրդարանը, ըստ Փաշինյանի, չի ներկայացնում ժովորդի կամքը, քանի որ ընտրվել է ընտրակեղծիքների և ճնշումների միջոցով․ - «Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ուներ ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում իմ սեփականը: Սակայն դա հնարավոր եղավ: Դա տեղի ունեցավ, քանի որ մարդիկ պահանջատեր էին և ընդամենը մեկ տարի առաջ ընտրված խորհրդարանն անսաց ժողովրդի կամքին՝ չունենալով այլընտրանք»:

Չնայած այս փոփոխություններին, Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ևս մեկ անգամ շեշտեց՝ Հայաստանը կտրուկ շրջադարձեր չի կատարի արտաքին քաղաքականությունում:


Փորձագետները ստացված և տպավորիչ են համարում Փաշինյանի առաջին ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, թե բովանդակությունից զատ, կարևոր էր նաև բուն ելույթի փաստը, որը, ի տարբերություն նախորդ տարիների, սկսվում էր անգլերենով եւ ավարտվում ֆրանսերենով:

«Եթե մեկ խոսքով բնորոշենք՝ Փաշինյանի ելույթը տպավորիչ էր, շնորհիվ թե՛ մատուցման ձևի, թե՛ այն հանգամանքի, որ ներկայացվում էր անգլերենով: Նախորդ իշխանությունների գրեթե սովետական ոճի անդեմ ելույթների համեմատությամբ տարբերությունը մեծ էր: Շատ առումներով Փաշինյանի ելույթի ամենանշանակալի մասը դրա բովանդակությունը չէր, այլ այն, որ ՄԱԿ-ի ամբիոնի մոտ ելույթ է ունենում Հայաստանի նոր, երիտասարդ վարչապետը, որ անգլերենով ներկայացնում է նոր կառավարությունը, կամ անգամ նոր Հայաստանը: Սա կարևոր, խորհրդանշական ուղերձ էր, որ Հայաստանը, որպես երկիր, որպես պետություն, նոր մակարդակի է հասել: Մյուս կողմից, դա կարևոր հնարավորություն էր Հայաստանի կառավարության համար միջազգային հարթակում հավաստիացնել, որ Հայաստանը հավատարիմ է թե՛ ժողովրդավարությանը, թե՛ բարեփոխումներին»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին՝ ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, Նիկոլ Փաշինյանի ելույթում կարևոր նոր շեշտադրումներ կային՝ Ղարաբաղը պետք է բանակցություններին մասնակցի, և ժովորդավարությունն է տարածաշրջանային կայունության բանալին․ - «Փաշինյանի այս ելույթը ընդգծեց՝ այսօրվա Հայաստանի և այսօրվա Ադրբեջանի միջև տարբերությունն ու հակադրությունը երբեք այսքան մեծ չէր եղել: Նախկին նախագահներ Քոչարյանը կամ Սարգսյանը, ինչպես և Ալիևը միշտ ընկալվել են իբրև հետսովետական սերունդ, և նրանց միջև տարբերություններն այդքան զգալի չեն եղել: Հիմա, երբ Հայաստանը նոր վարչապետ ու կառավարություն ունի, Հայաստանի ժողովրդավարության և Ալիևների ժառանգական իշխանության միջև անդունդը շատ խորն ու ակնառու է»:

Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի կարծքիքով, Նիկոլ Փաշինյանը արժանապատիվ ելույթ ունեցավ, հիմնական շատ ուղերձներ տեղ հասցվեցին․ - «Սա ստացված դեբյուտ էր՝ միջազգային ատյանում ներկայացնելու Հայաստանի տեսլականը գոնե մեզ հետ կատարվող, մեր ներսում կատարվող և ընդհանրապես մեր շուրջը կատարվող զարգացումների վերաբերյալ: Բոլոր տեղերում կարմիր թելի պես անցնում էր ազատությունը, ազատության համար պայքարը, ազատ ապրելու ձգտումը»:

XS
SM
MD
LG