Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Ժառանգությունը» նոր ձևաչափով հանդես գալու կարիք ունի


Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է լինեն վերջինը, որ կպահանջեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը։ Այս մասին այսօր հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, որ նոր Հայաստանում «Ժառանգությունը» նոր ձևաչափով հանդես գալու կարիք ունի։ Ակնկալվում է, որ կծնվի նոր «Ժառանգություն», նոր դեմքերով և նոր ղեկավարությամբ։

«Շեշտը պետք է դրվի նորարար, բովանդակությունների ձևաչափերի վրա՝ չբացառելով եղած, ավանդական, հին և նոր կուսակցությունների մասնակցությունը։ Ես դեմ եմ արհեստական, կեղծ ժամանակագրական բարիկադների, պատնեշների: Բոլորը պետք է կարողանան իրենց իմաստավորել այդ շրջանում։ Այնպես չէ, որ հին Հայաստանը մնաց հնում, քաղաքական դիակներ կան և հիմա միայն նորը։ Բայց պարզ է, որ նոր Հայաստանին հարիր նոր մոտեցում է պետք», - ասաց նա։

«Ժառանգությունը», որի քաղաքապետի թեկնածուն էր Րաֆֆի Հովհաննիսյանը, Երևանի ավագանու ընտրություններին չէր հաղթահարել անցողիկ շեմը, սակայն շնորհավորել էր հաղթող ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներին՝ վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ:

Այսօր էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք չէին մասնակցում հաղթելու համար. - «Մենք մասնակցում էինք ոչ թե որևէ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ նաև մեր առաջարկը, մեր այլընտրանքը և մեր ձեռագիրը թողնելու համար, և կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց։ Մենք պատրանքներ չունեինք․․․ Շնորհակալություն ենք հայտնում այն քաղաքացիներին, ովքեր խղճի մտոք քվեարկեցին մեր օգտին, մեր համակիրներին, ովքեր ստեղծված իրավիճակում քվեարկեցին մեկ ուրիշ ցուցակի օգտին: Նաև նրանց, ովքեր իրենց չմասնակցությամբ դիրքորոշում արտահայտեցինք: Բոլոր դեպքերում պարզ էր, որ հետհեղափոխական այս վիճակում ոչ բոլոր մեր ընտրողները եկան ընտրատեղամաս: Բայց բոլոր դեպքերում առարկայական արձանագրումը սա է իրականության, և դրա համար մենք կարող ենք միայն ուրախանալ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում պարտության պատճառը կուսակցության պառակտում չէր, որի շարքերից դուրս էին եկել, օրինակ, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» առաջնորդը արձագանքեց, թե ցավում է, որ շատերը լքել են կուսակլցությունը և այլ քաղաքական ուժերի կողմից են հանդես գալիս, բայց հավելեց, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ այդ մարդկանց կատարած քայլը ոչ մեկի համար լավագույն լուծումը չէր. - «Դժվար է ասել, եթե մեր անվանի գործիչերը, որոնք որոշեցին գնալ, եթե մնացած լինեին, ինչ արդյունք կլիներ, որովհետև իրենց շնորհքի համար ես հրավիրեցի «Ժառանգություն», իրենք դարձան քաղաքացի և գործիչ իրենց շնորհքով, բայց հենց Ժառանգության» շնորհիվ էր, որ դարձան աստղեր։ Իսկ «Ժառանգությունը» այն տեղն է, որ կարող է աստղեր լինեն, բայց իմ օրինակով կամ իմ առաջարկով ավելի կարևոր է համաստեղությունը քա աստղը։ Բայց միգուցե այլոց համար այս վերջին ընտությունը հնարավորություն տա վերանայելու սեփական մոտեցումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG