Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուղերձով հանդես է եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Ամերիկան գրանցել է առաջխաղացում, որը երբևէ մինչ այդ ամերիկյան որևէ վարչակարգ չի ապահովել:
Թրամփը գովեստով է խոսել ԱՄՆ-ում տնտեսական զարգացման և աշխատատեղերի թվի աճի մասին: Նա ասել է, որ Վաշինգթոնը կշարունակի քայլեր ձեռնարկել ամերիկյան տնտեսությունը զարգացնելու և պաշտպանելու համար:
Անդրադառնալով միջազգային հարաբերություններին, նա, մասնավորապես, նշել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ արդյունավետ բանակցությունները և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի մեկնարկը:
Նա ասել է, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ, քանի դեռ չի իրականացվի ապամիջուկայնացումը:
Թրամփի փոխանցմամբ, Վաշինգթոնը հաջողությամբ է իրագործվում նաև Մերձավոոր Արևելքի տարածաշրջանում վարած քաղաքականությունը:
Խոսելով Սիրիայի մասին, նա ասել է, որ տարածաշրջանում ապակայունացնող քայլեր է կատարում Իրանը, որը սատարում է ահաբեկիչներին, միջամտում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին և միաժամանակ հալածում է սեփական ժողովրդին:
«Մենք չենք կարող թույլ տալ «Մա՛հ Ամերիկային» վանկարկող և Իսրայելի ոչնչացման նպատակի մասին խոսող ռեժիմին ձերք բերել միջուկային զենք և այն կրող հրթիռներ»,- ասել է Թրամփը: