Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական առանցքային ուժերը կողմ են արտահերթ ԱԺ ընտրություններին


Արտախորհրդարանական առանցքային ուժերը սատարում են Ազգային ժողովը մինչև տարեվերջ լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով, արտահերթ ընտրություններով քաղաքացիները հրաժեշտ կտան նախկին իշխանության դեռևս խորհրդարանում մնացած ներկայացուցիչներին ու ավարտին կհասցնեն հեղափոխությունը․ - «Հարկավոր է ընտրությունների, հեղափոխության ցիկլը փակել: Մենք մի քայլ անցանք քաղաքի ընտրություններով, հաջորդը պետք է լինի խորհրդարանական ընտրությունները: Երբ որ թիկունքդ ապահով է խորհրդարանում, կարող ես լրջագույն և արագ ռեֆորմներ անցկացնել»:

«Իմ քայլը» դաշինքի արձանագրած 81 տոկոսանոց հաղթանակից հետո, Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև տարեվերջ, Երևան վերադառնալուն պես կսկսի բանակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։

«Այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայն դեպս՝ ոչ այնքան ձայն, որը կարելի է բավարար համարել խորհրդարանում գործունեությունը այսպիսի կազմով շարունակելու համար», - հայտարարել էր վարչապետը:

Արտախորհրդարանական ուժերից «Ժառանգություն» կուսակցությունն այսօր նույնպես հայտարարեց, որ ամբողջությամբ ընդունում է վարչապետի գաղափարը։ Կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, ընտրոթյունները պետք է անցկացնել հնարավորինս արագ․ - «Երևանցու քվեն երկու օր առաջ նշանակում է, որ ինչ-որ մայրաքաղաքային մանդատ կա, գոնե մայրաքաղաքում կա՝ մի քանի ամսվա ընթացքում արտահերթ ընտրությունները կազմակերպել: Ես համաձայն եմ դրա հետ»:

Խորհրդարանի բոլոր ուժերը՝ բացառությամբ Հանրապետականի, արդեն հայտնել են արտահերթ ընտրությունների համար բանակցություներ սկսելու պատրաստակամության մասին։ Նախկին իշխող ուժը պնդում է, թե նոր ընտրությունների անհրաժեշտություն չկա։

Եթե Նիկոլ Փաշինյանը հանդիպի հանրապետականների դիմադրությանը, ապա Հայ ազգային կոնգրեսը, Արամ Մանուկյանի խոսքով, պատրաստ է նույնիսկ փողոցային պայքարում աջակցել վարչապետին։ ՀԱԿ փոխնախագահը, սակայն, համոզված է, որ գործը դրան չի հասնելու․ - «Էդ 80 տոկոսը հանրապետականներին իրենց տեղն է դրել: Էն բոլոր ճոռոմ-ճոռոմ խոսակցությունները, իրավունք էին թափահարում․․․ հիմա արդեն ձենները կկտրվի, և լավ կլինի, որ կտրվի: Դա իրենց շահից է, որ կտրվի, իրենք էլ կարող են հանգիստ մասնակցել ընտրություններին: Եթե հիմա էլ իրենք, ասենք, Ռոբերտ Քոչարյանով, կամ Սերժ Սարգսյանով փորձեն ընտրություններին մասնակցել, էս անգամ, կարծում են, ժողովուրդը 120 տոկոսով կաջակցի այս հեղափոխությանը»:

Արտահերթ խորհրդարանական ընրությունների սահմանադրաիրավական ճանապարհն այս պահին մեկն է․ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ։ Ըստ Սահմանադրության, այդ դեպքում նոր ընտրությունները կարող են անցկացվել ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG