ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի բարձրաստիճան ղեկավարները երբեք չեն ընդունի հանդիպումներ անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Փոմթեոյի առաջարկները:
Այդ մասին այսօր ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
«Դրանք Թրամփի երազանքներն են, որոնք երբեք իրականություն չեն դառնա»,- ասել է Վելայաթին՝ մեկնաբանելով բարձրաստիճան ղեկավարների մակարդակով հանդիպելու և առկա հրատապ հարցերը քննարկելու Վաշինգթոնում պարբերաբար հնչող առաջարկները:
Այաթոլայի խորհրդականը նաև պնդել է, թե Միացյալ Նահանգներին չի հաջողվի զրոյի հասցնել Իրանից հում նավթի արտահանումը:
Այս տարվա մայիսին նախագահ Թրամփը հայտարարել է Իրանի և միջազգային տերությունների կնքած միջուկային պայմանագրից դուրս գալոու մասին, միաժամանակ նշելով, որ Ամերիկան պատրաստ է Իրանի հետ քննարկել նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը:
Թեհրանի համոզմամբ, նոր պայմանագիրն անիմաստ է և հարկ է իրագործել 2015 թվականի փաստաթուղթը, որով Իրանը սառեցնում է միջուկային հետազոտություններն, իսկ միջազգային համայնքն աստիճանաբար չեղարկում է Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները:
Դա Իրանին ընձեռում է նավթն արտահանելու և արևմտյան երկրների հետ առևտուրը վերականգնելու հնարավորույուն:
Եվրոպական միությունը և Իրանը մշակում են փոխշահավետ բիզնեսի համար վճարումների նոր համակարգ ստեղծելու ծրագիր, որը թույլ կտա ընկերություններին խուսափել ամերիկյան պատժամիջոցներից: