Մատչելիության հղումներ

Ավագանու ընտրություններին վճռորոշ գործոն էր վարչապետի մասնակցությունը. Դավիթ Խաժակյան


Նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրությունները շատ հանգիստ և պատշաճ կազմակերպված ընտրություններ էին, «Ազատության» հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը։

Նրա համոզմամբ, այս ընտրություններին տեղի չեն ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա։

«Ոստիկանությունն արագ արձագանքում էր ցանկացած խնդրին, և տեղի չեն ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա, և քվեարկության օրը իսկապես պատշաճ կերպով է անցել», - ասաց Խաժակյանը։

Ըստ «Լույս» դաշինքի անդամի, ավագանու ընտրություններին վճռորոշ գործոն էր վարչապետի մասնակցությունը։

«Ըստ էության, պարզվեց, որ այլ գործոն չի եղել, և մարդիկ կատարել են իրենց ընտրությունն ըստ առաջադրված խնդրի, իսկ առաջադրված էր խնդիր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման մանդատը ստանալու վերաբերյալ», - ասաց Խաժակյանն՝ ընդգծելով. - «Կարող ենք ասել, որ ձևավորված ավագանին դա քաղաքացիների արտահերթ խորհրդարանական ընտրություն ձևավորելու որոշմամբ է ձևավորվել։ Իհարկե մեր 5 տոկոսը դրան չի վերաբերում, մեր 5 տոկոսն այն մարդիկ են, ովքեր ցանկանում են տեսնել պրոֆեսիոնալ քաղաքապետ, պրոֆեսիոնալ ավագանի։ Խոսքը չէր գնում ավագանու թիմերի մասին, խոսքը չէր գնում թեկնածուների ինչպիսին լինելու մասին, այլ պարզապես այն քաղաքական խնդրի, որն առաջադրվել էր, որի անհրաժեշտությունը մեր երկրի համար, իհարկե, կասկածից վեր է»։

Հարցին, թե «Լույս» դաշինքը հիասթափվա՞ծ է այս ընտրությունների արդյունքներից, և եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկելու մասին հայտարարություն չաներ, կարո՞ղ էր այլ պատկեր լինել, Խաժակյանը պատասխանեց. - «Մենք հիասթափված լինելու որևէ առիթ չունենք, ավելին՝ մեր ժողովրդից հիասթափվելու կամ իր տվածից ավել բան պահանջելու իրավունք էլ չունենք, մենք ունենք իրավունք և պարտականություն՝ մեր ստացած մանդատների շրջանակներում շարունակել աշխատել։ Մենք ունենալու ենք 3 մանդատ, 3 որակյալ մանդատ, 3 պատրաստված գործող ավագանիների փորձառու մանդատ, և կարող եմ ասել, որ այդ 3 մանդատները ծառայելու են իրենց նպատակին»։

Խաժակյանը նշեց, որ ավագանիում ակնհայտորեն «Լույս»-ը չի լինելու կոալիցիոն ուժ, «իսկ մնացած դիրքավորումը կբխի շատուշատ հանգամանքներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG