Մատչելիության հղումներ

Երևանում ավագանու ընտրություններ են


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ են:

Ժամը 8-ին բացվեցին ընտրատեղամասերը, քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20-ը:

Ընտրություններում առաջադրվել է 12 քաղաքական ուժ, ըստ այբբենական կարգի՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅ Դաշնակցություն, «Հայք» («Հայկազուններ»), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները:

Այդ ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և քաղաքապետի թեկնածուներն են, համապատասխանաբար, Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մանուել Գասպարյանը, Միքայել Մանուկյանը, Գևորգ Հովսեփյանը, Արտակ Ավետյանը, Մհեր Շահգելդյանը, Անահիտ Թարխանյանը, Արարատ Զուրաբյանը, Հայկ Մարությանը և Արտակ Զեյնալյանը:

Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Եթե սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին: Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում են երկու կուսակցություն, դաշինք, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների միջև:

Ոստիկանության հրապարակած վերջնական ընտրացուցակներում ընտրողների թիվը 848 հազար 343 է:

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG