Մատչելիության հղումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արարատի մարզում է


Արտաշատ, 22-ը սեպտեմբերի, 2018 թ․

Այսօր վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արարատի մարզում է: Առաջին կանգառը մարզկենտրոն Արտաշատում էր, այնտեղ Փաշինյանը հանդիպեց մարզի ղեկավարների հետ: Եղավ քննարկում, հարցուպատասխան:

Վարչապետը, մասնավորապես, հետաքրքրվում էր հակակարկտային կայաններից, ոռոգվող այգիների քանակից: Այս հարցի հետ կապված միանշանակ պատասխաններ չէին հնչում, ինչը փոքր-ինչ բարկացրեց Փաշինյանին: Նա, մասնավորապես, ասաց, թե համամիտ չէ տեսակետին, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն գործում: Նշեց, թե երկու ամիս առաջ մի գործարարի հետ հանդիպմանը, որը մոտ 100 հեկտար տարածքի վրա նման կայաններ է տեղադրել, վերջինս պնդել է, որ արդեն մի քանի տարի այդ կայանների շնորհիվ իր բերքը որևէ կերպ չի վնասվել:

Արտաշատում քննարկումների արդյունքում համայնքապետերը խոստովանեցին, որ իրականում կայանները լիցքավորում են ոչ համապատասխան գազով՝ նախընտրելով ավելի մատչելի գազ, ինչն ազդում է հակակարկտային կայանների արդյունավետության վրա:

Պարզվեց նաև, որ, օրինակ, կարկուտից տուժած Սուրենավան համայնքում տեղադրված 4 կայաններից մեկը չի գործել: Գյուղացիներն այնտեղ մոտ 52 միլիոն դրամի վնաս են կրել:

Կանգառներից մեկը «Արտֆուդ» գործարանում էր: Փաշինյանն այնտեղ հայտարարեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այլևս այս գործարանի համասեփականատերը չէ, վաճառել է իր բաժնեմասը:

Փաշինյանը Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը բարձրացրեց նաև ոռոգման ջուրը խնայողաբար օգտագործելու հարցը: Ասաց՝ կառավարությունը խնդիր է դրել, որ Սևանա լճի ջրային պաշարները խիստ խնայողաբար օգտագործվեն:

«Մեր կառավարությունը հստակ խնդիր է ձևակերպել, որ Սևանին պետք է հանգիստ թողել, ինչի համար ջրային ռեսուրսները պետք է օգտագործվեն խնայողաբար։ Սակայն դա այսօր տեղի չի ունենում: Ջրանցքներն այսօր լրիվ աղբավայրի են վերածվել: Հնարավոր է՝ աղբահանությունը համայնքներում նորմալ չի արվում: Սա շղթայական օղակ է, եթե մի օղակում հարցը լուծվի, մյուսում ոչ, խնդիրը չենք կարող լուծված համարել: Մեզ համակարգային լուծումներ ենք պետք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն այսօր այցելեց նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG