Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկեց «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա ծրագիրը


Գաֆեսջյան թանգարանը Երևանում

«Եվրոպական ժառանգության օրերն» անց են կացվում ամեն տարի աշնանը՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներում: Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերը» պաշտոնապես նշվում են 1991 թվականից սկսած: Հայաստանն այս ծրագրին միացել է 2000 թվականից:

Տարեկան ավելի քան 70 հազար մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայի՝ ծրագրին միացած երկրներում: Այդ օրերի ընթացքում հազարավոր մշակութային օջախներ անվճար բացում են դռներն այցելուների առջև և հանդես են գալիս ամենատարբեր նախաձեռնություններով: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի նպատակն է՝ բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը: Չէ՞ որ հաճախ մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ բացառիկ և բազմազան մշակութային ժառանգության տեր է իրենց երկիրը և թե ինչպես պետք է պահպանել ու փոխանցել այն հետագա սերունդներին:

Ամեն տարի ծրագիրն իրականացվում է որոշակի խորագրի ներքո: Այս տարվա խորագիրն է «Մշակութային ժառանգության եվրոպական տարի․ Կիսվելու արվեստը»:

Այսօր Երևանի «Գաֆեսջյան» թանգարանում մեկնարկած՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրում ներգրավված են հայաստանյան գրեթե բոլոր թանգարաններն ու ցուցասրաները, պատմահնագիտական արգելոց-թանգարանները, մշակութային և գիտական կենտրոնները: Ծրագրին միացած բոլոր կազմակերպությունների մուտքը սեպտեմբերի 22-ին և 23-ին անվճար է:

Երևանում ծրագրի պաշտոնական մեկնարկն այսօր ազդարարեցին Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ՝ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ունկնդրել այստեղ

please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG