Տանզանիայում լաստանավի խորտակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 196-ի:
Աղետը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Վիկտորիա լճում, որտեղ 100 ուղևոր փոխադրելու համար նախատեսված լաստանավը ավելի քան 400 մարդ է տեղափոխել և նավամատույցին ընդամենը մի քանի մետր չհասնելով՝ շրջվել և ջրասույզ է եղել:
Գերբեռնված նավերը Տանզանիայում հաճախ են աղետների ենթարկվում: 1996 թվականին նմանօրինակ հանգամանքներում Վիկտորիա լճում ջրասույզ է եղել «Բուկոբա» նավը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ:
Երեկ Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել: Իշխանությունները կարգադրել են ձերբակալել խորտակված լաստանավը շահագործող ընկերության ղեկավարներին: