Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում սահմանափակվում է պլաստիկե ձողիկների օգտագործումը


ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի իշխանությունները սահմանափակում են ռեստորաններում պլաստիկե ձողիկների օգտագործումը: Նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է համապատասխան օրենքը, փոխանցում է Associated Press լրատվական գործակալությունը:

Օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականին և չի տարածվի արագ պատրաստման սննդի վրա:

Օրենքի համաձայն՝ ռեստորաններում կարգելվի խմիչք մատուցել պլաստիկե ձողիկներով, եթե հաճախորդը ինքը չխնդրի: Օրենքը խախտողների համար նախատեսված է տուգանք:

Կալիֆորնիայի նահանգապետը նշել է, որ օվկիանոս նետվող պլաստիկե իրերի պատճառով մահանում են տարբեր ձկնատեսակներ, ինչպես նաև թունավորվում են սնունդը, ջրային պաշարները:

Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ միայն Միացյալ Նահանգներում օրական օգտագործվում է 500 միլիոն պլաստիկե ձողիկ:

2014-ին Կալիֆորնիան օրենք է ընդունել, որով արգելվում են միանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակները:

Ափերի մաքրման միջազգային ակցիայի զեկույցում նշվում է, որ պլաստիկե ձողիկը ափերին ամենից հաճախ գտնվող իրերի մեջ 7-րդն է: Առաջին երեք տեղերը զբաղեցնում են ծխախոտի մնացորդները, պլաստիկե շշերը և դրանց կափարիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG