Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին


«Բարգավաճ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Զոհրաբյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ավագանու ընտրության քարոզարշավը ատելության քարոզարշավի է վերածվել:

Անկախության տոնակատարություններին մասնակցող վարչապետն այսօր հայտարարեց՝ տեղյակ է, որ սոցիալական ցանցերում վիրավորանքեր են հնչել Զոհրաբյանի հասցեին․ - «Անթույլատրելի է ընդհանրապես, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի որևէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով: Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս: Դա էլ երբեմն կարելի է հասկանալ: Բայց ընդհանուր առմամբ մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Էս պահին ուզում եմ ուղղակի զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»:

«Ազգային հաջողությունների գրավականը միասնությունն է», - այսօր Անկախության տոնի առթիվ Զինված ուժերի և ոստիկանության մի շարք ծառայողների պարգևատրման արարողությունից հետո հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը, երբ անդրադարձավ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին:

«Ազատության» հարցին, թե չունի արդյոք մտահոգություն, որ ընտրությանը մասնակցող թեկնածուները քաղաքական դաշտը բաժանում են սևերի և սպիտակների, նախագահ Սարգսյանն արձագանքեց․ - «Պատասխանեմ որպես ֆիզիկոս: Դուք երկու գույն նշեցիք՝ սև և սպիտակ: Իրականում սպիտակ գույնը մի գույն չի, ֆիզիկա անցել եք բոլորդ դպրոցում․․․ Սպիտակ գույնը դա բոլոր գույների, բոլոր գեղեցիկ գույների՝ կարմիր, վարդագույն․․․ բոլորի համախմբվածություն է: Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը: Առակի ցուցանումը թողնում են ձեզ: Բայց պարզ ցուցանում ունի, որովհետև մեր ժողովուրդը իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ որ մենք բոլորս միասին ենք եղել»:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առաջիկա ընտրությունը սևերի և սպիտակների պայքար է և որ «իրենց թիմի դեմ խաղ չկա»:

Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե կարելի է արդյոք խոսել միասնականության և հանդուրժողականության մթնոլորտի մասին, երբ երեք նախկին նախագահները չեն մասնակցում Անկախության տոնակատարությանը՝ նշելով, որ հարցն իրեն չէ ուղղված:

Վարչապետի աշխատակազմը հրավեր էր ուղարկել բոլոր երեք նախկին նախագահներին: Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներից հայտնել էին, որ նախագահները չեն մասնակցի Հայաստանի Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումներին, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն ընդհանրապես որևէ պատասխան չի հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG