Մատչելիության հղումներ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղարը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել Հայաստանի ժողովրդին անկախության վերականգնման ձեր պատմական հանրաքվեի 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս տարին առանձնահատուկ կարևոր է, քանի որ ներկայացնում է նորագույն պատմության ընթացքում Հայաստանի առաջին պետության հիմնադրման 100-րդ տարեդարձը և ԱՄՆ-Հայաստան բարեկամության հարյուրամյակը», - ասված է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի շնորհավորական ուղերձում:

Անդրադառնալով «Հայաստանում այս տարի տեղի ունեցած նշանակալի փոփոխություններին»՝ Մայք Փոմփեոն նշում է, որ խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, Հայաստանի պատմության նոր ու ոգևորող էջ է բացել:

«Ես անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի ժողովրդի և կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք ջանում եք կառուցել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, վերացնել կոռուպցիան և հասնել տնտեսական աճի» ,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Փոմփեոն իր ուղերձում հավաստիացնում է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարին մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները:

«Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը», - ասված է Մայք Փոմփեոյի ուղերձում, որը հրապարակված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG