Միացյալ Նահանգները երեկ պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի նկատմամբ՝ Ռուսաստանի հետ համագործակցելու համար:
Պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հակառակորդների դեմ պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի զորքերի նախապատրաստման և մատակարարման դեպարտամենտի դեմ սանկցիաներ է սահմանել գործող պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցելու համար: Պատժամիջոցներ են սահմանվել նաև այդ դեպարտամենտի ղեկավար Լի Շանֆուի դեմ՝ նրա և դեպարտամենտի բոլոր բանկային հաշիվները Միացյալ Նահանգներում սառեցվելու են, իսկ դեպարտամենտի հետ բոլոր բանկային գործարքները չեղարկվելու են:
Սա թերևս առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համագործակցելու համար պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի դեմ:
Երեկ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի 33 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ բարեկամ Եվգենի Պրիգոժինի ֆինանսավորմամբ գործող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության և Ռուսաստանի հատուկ ծառայությունների ու դրանց հետ կապեր ունեցող մի շարք քաղաքացիների դեմ:
Իսկ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որը ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի իշխանությունների վրա: Այսպես, ԱՄՆ ֆինանսների նախարարությանը լիազորություններ են տրվել՝ պատժամիջոցներ սահմանելու պատժամիջոցների տակ գտնվող անձանց օգնականների կամ գործընկերների դեմ:
Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների համաձայն՝ արգելվում են ցանկացած գործարքներ այն ընկերությունների հետ, որոնք կապ ունեն Ռուսաստանի իշխանությունների հետ:
Վերջին երկու ամիսներին պաշտոնական Վաշինգտոնը գրեթե ամեն շաբաթ կոշտացնում է պատժամիջոցները՝ ընդլայնելով դրանց տակ գտնվող թե՛ ընկերությունների, թե՛ պետական կառույցների և թե՛ անձանց ցուցակը: