Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քվեարկում եք ԱԺ արտահերթ ընտրությունների օգտին»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Արաբկիրում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, Երևան, 20-ը սեպտեմբերի, 2018թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Արաբկիրում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, Երևան, 20-ը սեպտեմբերի, 2018թ․

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քաղաքացիները կքվեարկեն նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին: Նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ երեկոյան ելույթ ունենալով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին:

«Ես ուզում եմ խոսել նորից քաղաքական կոնտեքստի, այս ընտրությունների քաղաքական նշանակության մասին, որովհետև, այո, ուզում եմ ընդգծել, որ այս ընտրություններով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք քվեարկում եք նաև Հայաստանի գործող Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին», - ասաց վարչապետը:

Նա նկարագրեց, թե ինչպես է քաղաքացիների քվեարկությունը վերածվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ - «Ըստ էության, գործելու է նույն մեխանիզմը, ինչ մեխանիզմ գործեց թավշյա հեղափոխության օրերին: Հիշո՞ւմ եք, այն ժամանակ, երբ մենք հանրահավաքներ էինք անում Հանրապետության հրապարակում, երկու անգամ ես ձեզնից խնդրել եմ, Հանրապետության հրապարակի քաղաքացիներից խնդրել եմ մանդատ՝ բանակցելու ձեր անունից: Առաջին դեպքը դա այն էր, երբ պիտի բանակցեի Սերժ Սարգսյանի հետ, և երկրորդ դեպքը այն էր, երբ պիտի բանակցեի արդեն վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանի հետ: Եվ ես հրապարակում ձևակերպեցի խնդիրը, ասեցի, որ բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության անցնցում փոխանցման մասին, ձեզնից ստացա այդ մանդատը և գնացի բանակցելու այդ հարցի շուրջ: Հիմա, այս ընտրությունների քաղաքական կոնտեքստը հենց դա է, և ես ուզում եմ ձեր՝ Երևան մայրաքաղաքի քաղաքացիների, բնակիչների, ընտրողների մանդատը ստանալ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամի, տեղի վերաբերյալ բանակցելու խորհրդարանի հետ, խորհրդարանական ուժերի հետ, խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Եվ շատ կարևոր է, որ այս քվեարկությունը Երևանի ավագանու ընտրություններում դուք տաք հզոր մանդատ, որպեսզի մենք գնանք, ես գնամ և այդ հարցը լուծեմ»:

«Որովհետև քարոզարշավի ընթացքում ինչ խոսեցինք, ինչ ասեցինք՝ էդ ամենը շատ կարևոր է, բայց շատ կարևոր է ձեր քվեարկությունը, և էլի ուզում եմ ասել, որ այս հարցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու հարցում մենք ունենք, ես ունեմ յուրաքանչյուրիդ ձայնի, քվեի կարիքը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG