Մատչելիության հղումներ

ՄԵծ Բրիտանիան և ԵՄ ղեկավարները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ «Բրեքզիթի» պայմանների շուրջ


Պաշտոնական Լոնդոնը և Եվրամիության ղեկավարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու, այսպես կոչված  «Բրեքզիթի» պայմանների շուրջ:

Երեկ երեկոյան ավստրիական Զալցբուրգում մեկնարկած ոչ պաշտոնական գագաթաժողովի մասնակցիները մեկ անգամ ևս ունկընդրեցին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ում համոզմամբ, բանակցությունների հիմք կարող է հանդիսանալ բացառապես այն ճանապարհային քարտեզը, որ մշակել է իր կառավարությունը:

«Դա է վստահություն ներշնչող և բանակցությունների համար պիտանի միակ փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը մի կողմից հնարավորություն է տալիս մեզ խուսափել Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանի հարցում կոշտ լուծումներից, մյուս կողմից՝ արտահայտում է բրիտանացի ընտրողների կամքը», - երեկ երեկոյան Զալցբուրգում կայացած աշխատանքային ընթրիքից հետո հայտարարել է Թերեզա Մեյը:

Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող և համապատասխանաբար ԵՄ-ն լքող Հյուիսիսային Իռլանդիայի և ԵՄ անդամ Իռլանդական հանրապետության միջև ցամաքային սահմանի խնդիրը այս պահին բանակցությունների ընթացքում առկա հիմնական խոչընդոտն է:

90-ականների վերջին` Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության լուծման շրջանակներում, Լոնդոնը և Դուբլինը պայմանավորվել էին սահմանի փաստացի վերացման մասին: Այժմ կողմերը ցանկանում են պահպանել ԵՄ և Մեծ Բրիտանիայի միակ ցամաքային սահմանի թափանցիկությունը, այդ թվում՝ մարդկանց և ապրանքների շրջանառության առումով: Դա, սակայն, հակասում է Լոնդոնի` ԵՄ միասնական շուկան լքելու ցանկությանը, ինչը ենթադրում է, որ այսպես թե այնպես սահմանային, նախևառաջ մաքսային հսկողությունը, ներիռլանդալկան սահմանին պետք է վերականգնվի:

«Իռլանդիան այն պետությունն է, որ միանշանակորեն ցանկանում է խուսափել մի սցենարից, երբ «Բրեքզիթը» տեղի կունենա առանց համաձանությունների կնքման: Ամեն դեպքում մենք պատրաստվում ենք նաև այդ սցենարին, նոր աշխատակիցների ու պաշտոնյաների հաստիքներ ենք ստեղծում, գործի են դրվում նոր IT համակարգեր, որոնք մեզ հնարավորություն կտան պատրաստ լինել իրադարձությունների նման զարգացմանը: Առաջիկա երկու շաբաթներին, ես կարծում եմ, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, որպեսզի հնարավոր լինի համաձայնություն ձեռք բերել», - Զալցբուրգում լրագրողների հետ զրույցում այսօր նշել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համոզմամբ ևս կողմերը պետք է անեն հնարավորը տեսանելի ապագայում Լոնդոնի հետ համաձայնություն ձեռք բերելու համար:

«Մեր սկզբունքները, որ վերաբերում են միասնական շուկային ու իռլանդական սահմանին, շատ հստակորեն ձևակերպվել են դեռ մարտ ամսին և արժանացել ԵՄ անդամ 27 պետությունների հավանությանը: Այժմ մենք միանաբար պետք է լուծումներ գտնենք: Միացյալ Թագավորությունը պետք է այնպիսի մի առաջարկ ներկայացնի, որ կլինի արդեն իսկ համաձայնեցված մեխանիզմների շրջանակներում», - հայտարարոլ է Ֆրանսիայի նախագահը:

«Բրեքզիթի» շուրջ բանակցությունների վերջնաժամկետը առաջիկա նոյեմբերն է: Հետագայում, եթե կողմերի միջև համաձայնություն կայացվի, այն պետք է հավանության արժանացնեն Եվրոխորհրդարանի և բրիտանական խորհրդարանի պատգամավորները:

Իսկ 2019 թվականի մարտի 29-ին կմեկնարկի Միացյալ Թագավորության` Եվրամիությունից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Խնդիրն այն է, որ եթե առաջիկա շաբաթներին կողմերը չկարողնական ընդհանուր հայտարարի գալ, ապա գործի կդրվի այսպես կոչված «Կոշտ Բրեքզիթի» սցենարը: Այդ դեպքում Մեծ Բրիտանիան Եվրամիությունը կլքի միանգամից` առանց նախապես համաձայնեցված 21-ամսյա անցումային շրջանի:

«Կոշտ Բրեքզիթի» պարագայում ԵՄ պետություններում բնակություն հաստատած Մեծ Բրիտանիայի քաղաքացիները մեկ օրում կզրկվեն այնտեղ բնակվելու և աշխատելու իրավունքից: «Կոշտ Բրեքզիթի» դեպքում Մեծ Բրիտանիան ստիպված կլինի նաև մեծ տուգանք վճարել Եվրամիությանը: Որոշ բրիտանական աղբյուրների տեղեկություններով, այն կարող է հասնել 39 միլիարդ ֆունտ ստեռլինգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG