Մատչելիության հղումներ

Հանցավոր գործարքներ անելու մեղադրանքների պատճառով հրաժարական է տվել Դանիայի խոշորագույն բանկի ղեկավարը


«Դանսկե բանկի» ղեկավար Թոմաս Բորգեն, արխիվ
«Դանսկե բանկի» ղեկավար Թոմաս Բորգեն, արխիվ

Դանիայի ամենախոշոր դրամատան՝ «Դանսկե բանկի» ղեկավար Թոմաս Բորգենն այսօր հրաժարական ներկայացրեց: Բանկի բաժնետոմսերն էլ մեկ օրում ավելի քան 8 տոկոսով արժեզրկվեցին՝ մի շարք հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հանցավոր գործարքների գնալու և փողերի լվացման մեղադրանքների պատճառով:

Այսօր ավելի վաղ բանկը հրապարակել էր ներքին քննության՝ աուդիտի արդյունքները, որոնց համաձայն՝ 2007-ից 2015 թվականներին «Դանսկեի» էստոնական մասնաճյուղի միջոցով կատարված շուրջ 200 միլիարդ եվրոյի փոխանցումների, օտարերկրացիների կողմից բացված ավելի քան 6000 հաշիվների մեծ մասը համարվել են կասկածելի:

«Հստակ է, որ Էստոնիայում փողերի հնարավոր լվացման հարցում Danske Bank-ը չի իրագործել ստանձնած պարտավորությունները, և ես ցավում եմ դրա համար», - հայտարարել է բանկի ղեկավար Թոմաս Բորգենը, խոստովանելով, որ թերացել է ու ժամանակին չի հետաքննել կասկածելի գորածարքների մասին հաղոդումները: Իսկ դրանց պակասը, գոնե լրատվամիջոցներում, վերջին տարիներին չի զգացվել:

Դեռ անցյալ տարի «Հետաքննող լրագրողների կոնսորցիումը» ծավալուն զեկույց էր հրապարակել, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատան» մասին, ըստ որի՝ Ալիևի ընտանիքն ու նրանց մերձավորները մի քանի տարվա ընթացքում այս բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել, որը հետագայում ծախսվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին ու գործարարներին կաշառելու նպատակով:

«Հետաքննող լրագրողների կոնսորցիումը», միաժամանակ, փաստել էր, որ Ալիևի վարչակազմից բացի, այս բանկի ապօրինի ծառայություններից շռայլորեն օգտվել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքը, նրանց մերձավորներն ու ՌԴ դաշնային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները:

Այս տարվա ամռանը «Դանսկեի» դեմ հայց էր ներկայացրել նաև Hermitage Capital հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերը, ով պնդում է, թե բանկի նույն՝ էստոնական մասնաճյուղով են Ռուսաստանի բարձաստիճան պաշտոնյաները բյուջեից խոշոր միջոցներ յուրացրել, ինչը բացահայտել էր հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիստսկին: Վերջինս դրանից հետո ազատազրկվել էր և մահացել մոսկովյան կալանավայրում:

«Կասկածելի գործարքների մասին առաջին զգուշացումները բանկը ստացել է դեռ 10 տարի առաջ՝ 2007-ին, սակայն համարժեք քայլեր չի ձեռնարկել»,- այսօր Կոպենհանգենում հայտարարել է Օլե Սպիրմանը՝ իրավաբանական այն խմբի ղեկավարը, որը շուրջ մեկ տարի բանկի պատվերով ստուգել է կատարված փոխանցումներն ու հաշիվները:

«Մենք մի շարք լուրջ բացթողումներ և թերություններ ենք հայտնաբերել և չենք կարող բացառել, որ մեր կողմից ստուգված ու կասկածելի համարվող գործարքներից շատերը քրեական տարրեր են պարունակում: Բայց դա մեր որոշելիք հարցը չէ, դրանով պետք է իրավապահները զբաղվեն»,- հավելել է նա:

Բանկում հայտնաբերված չարաշահումների փաստով արդեն իսկ քրեական գործեր են հարուցվել Դանիայում և Էստոնիայում: Աղմկահարույց այս բացահայտումներից հետո բանկի բաժնետոմսերը վեց ամսում երեսուն տոկոսով արժեզրկվել են, ներդրողներից մի քանիսն էլ հայտարարել են, թե մտադիր են դադարեցնել համագործակցությունը բանկի հետ:

Եվ սա դեռ ամբողջը չէ: Հաղորդվում է, որ «Դանսկեի» հարցով քննություն են սկսել նաև Միացյալ Նահանգների իրավապահները, որոնք, մասնավորապես, անցած ամիս լատվիական բանկերին արգելել էին գործարքներ իրականացնել ամերիկյան դոլարով: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրանք փողերի լվացման փաստեր հայտնաբերեցին:

Դանիական խոշորագույն բանկն առաջիկայում կարող է լրջագույն խնդիրների բախվել՝ Ադրբեջանից ու Ռուսաստանից ստացված կեղտոտ փողերի լվացման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG