Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ Մենք պիտի երևանցու, հայաստանցու բազմազանությունը պահպանենք


Մայրաքաղաքի բակերից մեկում այսօր ֆուտբոլային մրցավարը Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էր:

«Ես երբեք մրցավար չեմ եղել ֆուտբոլային առումով, ոչ էլ հավակնում եմ կանոնագրքի բոլոր հոդվածները իմանալուն, բայց կփորձեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ ինչպես այսօր ֆուտբոլի ընկերական հանդիպումն անցավ սիրո և համերաշխության մթնոլորոտում, քարոզարշավն էլ «որոշ շեղումներից հետո» պետք է վերադառնա այս ուղուն․ - «Պիտի հետևողական լինենք, որ դրանք շատ չխորանան մեր հասարակության մեջ, որովհետև մեր մարտահրավերները արտաքին ու ներքին այնքան շատ են, որ մենք դրա նման շռայլություն չունենք խորացնելու: Ես չեմ ուզում, որ մենք դառնանք որևէ մի գույն առանձին վերցրած: Մենք պիտի այդ բազմազանությունը երևանցու, հայաստանցու պահպանենք: Այդ ընտրությունը սրա մասին է»:

Կուսակցության «Ժպտա» կարգախոսը այսօր ֆուտբոլի կանոնների մեջ էր ներառված: Դեղին և կարմիր քարտերը այսօր միայն պատժի նշան չէին, այլ նաև ժպտալու ուղերձ:

«Ազատության» հարցին, թե արդյոք դա ակնարկ է, որ անկախ ելքից՝ ֆուտբոլային հանդիպման թե ընտրության, հարկավոր է ժպտալ, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Տխրությունը, ուրախությունը, վերելքը, վայրէջքը պատկանում է բոլորիս: Մենք պիտի կարողանանք մեր կյանքի օրերին ժպտալ և ժպտալու միջոցով հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել միասին այն խնդիրները, որ ծառացել են թե՛ մեր քաղաքի, թե՛ մեր երկրի առջև: Եվ սա նրա համար է, որ բոլոր եղանակներում գտնենք ներքին ուժը, ինքնավստահությունը ժպտալու: Սա նաև հիշեցում է խաղացողներին, որ կարող են հույզից պոռթկան, իրենց չուզած բանը ասեն, լեզվի սայթաքում ունեն»:

Հարցին, թե կա արդյոք քաղաքապետի թեկնածուներից մեկը, որին ինքը դեղին քարտ ցույց կտար, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, սրա հնարավորությունը պետք է տրված լինի բոլորիս: Եվ եթե որևէ մեկը օրենք, Սահմանադրություն, ուրիշի իրավունք, կարգ խախտի, պետք է կիրառվի, բայց կիրառվի հավասարապես բոլորին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG