Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ճարտարապետները պահանջում են չեղարկել Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման որոշումը


Մոսկվայի քաղաքային Դումայի շենքը
Մոսկվայի քաղաքային Դումայի շենքը

Ռուսաստանցի ճարտարապետների շրջանում արդեն երրորդ օրն է ինչ ստորագրահավաք է ընթանում։ Ստորագրահավաքի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Մոսկվայի քաղաքային Դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների հարցերի հանձնաժողովի՝ հայազգի ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման մասին սեպտեմբերի 12-ին կայացրած որոշումը:

Ստորագրահավաքի նախաձեռնողն է Մոսկվայի թանգարանի աշխատակից, «Ավանգարդի կենտրոն»-ի ղեկավար և ճարտարապետության պատմության մասնագետ Ալեքսանդրա Սելիվանովան:

Նա իր ֆեյսբուքյան էջում պնդում է, որ Հալաբյանն արժանի չէ նման պատվի, քանի որ երկար տարիներ ղեկավարելով ԽՍՀՄ Ճարտարապետների միությունն ու Ճարտարապետության ակադեմիան, անդառնալի վնաս է հասցրել ոլորտին:

«Կարծում եմ, որ մատնագրերի հեղինակը, մարդը, որ մասնագիտությունից վտարել և սովի է մատնել [ճարտարապետներ] Մելնիկովին, Լեոնիդովին, շատ ուրիշների, մասնակցել է բռնաճնշումներին, խարխլել է մասնագիտական միջավայրը, Ճարտարապետների միությունում հովանավորչության և մատնագրերի վրա հիմնված մի խեղված համակարգ է ստեղծել, կեղծել է ճարտարապետական մրցույթների արդյունքները, հուշարձան ունենալու իրավունք չունի», - նշել է Սելիվանովան՝ հավելելով. - «Երևանում Հալաբյանի հուշարձան տեղադրված է, բայց դա տեղի մասնագիտական հանրության գործն է»:

Կարո Հալաբյանը ստալինյան ժամանակաշրջանի ամենահայտնի ճարտարապետներից էր, տարիներ շարունակ նա զբաղեցրել է Մոսկվայի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:

Հալաբյանը նախագծել է ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի, Սոչիի մարդատար նավահանգստի շենքերը, Մոսկվայի մետրոպոլիտենի «Կրասնոպրեսնենսկայա» կայարանը: Հալաբյանը նաև Մոսկվայի և Ստալինգրադի հետպատերազմյան գլխավոր հատակագծերի հեղինակային խմբերի անդամ էր:

Հալաբյանի մոսկովյան հուշարձանի հնարավոր տեղադրման մասին առաջին տեղեկություններն ի հայտ եկան մեկ տարի առաջ, երբ այդ գաղափարը միաձայն հավանության արժանացավ քաղաքային Դումային կից գործող մոնումենտալ արվեստի հանձնաժողովում:

Քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալության տվյալներով՝ Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն է:

«Հուշարձանի ստեղծման և տեղադրման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետությունն է: Նախաձեռնության արժեքը 15 միլիոն ռուբլի է», - ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է Մոսկվայի քաղաքային Դումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն իր վրա է վերցրել նաև հուշարձանի նախագծերի փակ մրցույթի անցկացումը:

«Որևէ հակասություն այս հարցում մենք չունենք, ուստի պատրաստ ենք հարցն ընդգրկել քաղաքային Դումայի աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստի օրակարգում, որը, հավանաբար, կայանալու է սեպտեմբերի 29-ին», - նշել է մոսկվացի պատգամավորը:

Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Մոսկվայի արևմուտքում գտնվող Սոկոլ թաղամասում, որտեղ, ի դեպ, վաղուց արդեն Հալաբյանի անունը կրող փողոց գոյություն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG