Մատչելիության հղումներ

Պուտինի հեռախոսազանգն ու շնորհավորանքն «ինձ համար լուրջ աջակցություն էր»․ Քոչարյան


Արխիվ

«Իմ ներգավվածությունը կարող է լինել անձնավորված կամ չանձնավորված»

«Ես ներգրավված եմ լինելու տարբեր քաղաքական գործընթացներում: Հնարավոր է՝ դա կլինի կուսակցության, գուցե շարժման կամ որևէ այլ կուսակցության աջակցելու տեսքով։ Իմ ներգավվածությունը կարող է լինել անձնավորված կամ չանձնավորված»։

Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հերթական հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր, ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա չի հստակեցրել՝ մասնակցելու՞ է արդյոք Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:

«Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում»,- ասել է Քոչարյանը: Իսկ հարցին՝ ինչ է կատարվել Հայաստանում ապրիլին, նա պատասխանել է․ «Դա իշխանափոխություն էր, Փաշինյանը զգացել է դժգոհության ալիքը և ճիշտ ժամանակին գլխավորել այն, ինչն էլ բերել է իշխանափոխության։ Տպավորիչ էր»:

«Անցած չորս ամիսները ցույց տվեցին, որ խնդիրները միայն շատանում են»

Քոչարյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո անցած չորս ամիսները ցույց տվեցին, որ խնդիրները միայն շատանում են, ու նաև այդ պատճառով է ինքը վերադառնում քաղաքականություն ։

Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չունի հստակ տնտեսական ծրագիր և աշխարհաքաղաքական տեսլական, նաև ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ ներկայիս վարչապետին համեմատելով Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ։ ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ այժմ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Հետհեղափոխական էյֆորիան անցել է, այսօր հասարակության մի հատվածն արդեն չի վախենում իր տեսակետը բարձրաձայնել, դա նաև իր՝ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու շնորհիվ է, «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է նա:

«Ինձ ավելի է դուր գալիս, երբ ինձ դիմում են «պարոն նախագահ», քան «պարոն վարչապետ»,- նաև նշել է Քոչարյանն ու հավելել․ «Ես ցանկանում եմ քաղաքականություն վերադառնալ ոչ՝ իշխանություն ստանալու համար․ ես ունեցել եմ այդ իշխանությունը»:

Քոչարյանը նաև նշել է՝ թեև Փաշինյանն իրեն քաղաքական դիակ է համարում, սակայն իրականում վախենում է իրենից, համարելով քաղաքական հակառակորդ, քանի որ հասարակության մի հատվածը հասկանում է՝ Քոչարյանը կարող է նորից հասնել այնպիսի տնտեսական հաջողությունների, ինչպիսիք եղել են իր նախագահության տարիներին։

«Այսօր երկրում անորոշություն է, ինչը խրտնեցնում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդորղներին»,- նշել է Քոչարյանը: Նա ձեռնպահ է մնացել Սերժ Սարգսյանին քննադատելուց, ասելով, թե ժամանակին կոշտ կերպով քննադատել է նախկին իշխանություններին, իսկ այժմ չի ցանկանում քննադատել նրանց, ովքեր արդեն չկան։

«Ես զգացել եմ, որ իմ և Պուտինի միջև ինչ-որ քիմիա կա»

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Պուտինի հետ Քոչարյանի հարաբերություններին։ Վերջինս շեշտել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո շարունակել է շփումները Ռուսաստանի նախագահի հետ, սակայն, այդ մասին երբեք չի խոսել: «Իմ նախագահության երկրորդ տարում ես զգացել եմ, որ մեր միջև ինչ-որ քիմիա կա։ Մեր աշխարհընկալումները շատ մոտ են միմյանց»,- ասել է Քոչարյանը, հավելելով՝ իր ընկերությունը Պուտինի հետ անձնական ընկերություն է, ոչ թե Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ընկերություն․ «դա հնարավոր չէ, Ռուսաստանը հսկա երկիր է, իսկ Հայաստանը՝ շատ փոքր»։

Քոչարյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Քոչարյանն ու Պուտինը միմյանց «դու»-ով են դիմում, սակայն ընդգծել է՝ Պուտինի հեռախոսազանգն ու իրեն տարեդարձի առթիվ շնորհավորելն իր համար «լուրջ աջակցություն էր»։

«Մարտի 1»-ի շուրջ

Մարտիմեկյան ողբերգության համար Քոչարյանը հիմնական պատասխանատու է համարել այն ուժին, «որի գործողությունները հանգեցրել են բախումների», սակայն, «որոշ առումով պատասխանատու են նաև իշխանությունները»,- ասել է 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը:

Արտաքին քաղաքականության շուրջ

Վերջինս դիվանագիտորեն խուսափել է ռուս-վրացական պատերազմի և Ղրիմի բռնակցման մասին տեսակետներ հայտնելուց: Նշել է միայն, թե նախկինում եղել է Ղրիմում և տեսել, որ այնտեղ ապրող մարդիկ ավելի շատ դեպի Ռուսաստան են նայում: Նաև հավելել է՝ գուցե կարելի էր այնպես անել, որ Դոնեցկում և Լուգանսկում արյունահեղություն չլիներ: Ղրիմին վերաբերող հարցերին պատասխանելիս Քոչարյանն, ի դեպ, չի օգտագործել «բռնակցում» և «Ռուսաստանի հետ վերամիավորում» արտահայտությունները:

«Կոմերսանտի» հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը նաև ասել է, թե իր համար «բացարձակ անհասկանալի է» Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին երկրի առաջին դեմքի մակարդակով Հայաստանի մասնակցությունը: Հակադարձելով դիտարկմանը, թե նման գագաթնաժողովների մասնակցել են նաև Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը, Քոչարյանը նշել է․

«Դրանք ուրիշ ժամանակներ էին: Ես նույնպես մասնակցել եմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բայց այն ժամանակ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն ավելի շատ համատեղ ծրագրեր ունեին, քան Հայաստանն ու ՆԱՏՕ-ն: Չկար այսպիսի դիմակայություն, Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերություններում առկա էր համագործակցության վեկտոր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG